Ադրբեջանի ԱԽ քարտուղարը խոսել է Ալիևի «խնդրանքի» և հայ ժողովուրդի՝ Փաշինյանին տված մանդատի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

նկար

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական մամուլին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին: Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ և առցանց ռեժիմներով 7 հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ, որոնց շրջանակում իբրև թե Ալիևի խնդրանքով «ԼՂ հակամարտություն» և «կարգավիճակ» բառերը չեն կիրառվել։

«Իլհամ Ալիևը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և զարգացում ապահովելու իր առաջարկները՝ տարածաշրջանում խաղաղության և վստահության խթանում, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների բացահայտում, ականազերծում, կապի և տրանսպորտի հաղորդակցության ուղիների բացում, մաքսային և սահմանային հսկողության հարցերի փոխադարձ ապահովում, համատեղ տնտեսական համագործակցության հարթակի ստեղծում և նմանատիպ այլ հարցեր բանակցությունների կարևոր թեմաներ են»,- ասել է Ռամիլ Ուսուբովը։

Նա նաև հայտնել է, որ հաջորդ փուլը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, որտեղ Երևանն իբրև թե արդեն կորցնում է խոչընդոտներ ստեղծելու կարողությունը, և որ Իրանի հետ Ալիևի նախաձեռնությամբ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ իբրև թե կկառուցվի այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրն» ու Նախիջևանը կապող նոր տրանսպորտային հանգույց։ 

«Հայաստանի կառավարությունը կարծում է, որ նոր տրանսպորտային հանգույցի հետ կապված պետք է գերակա դիրք ունենա և պետք է թելադրի իր պայմանները։ Սակայն մեր նախագահը հայտարարել է, որ այս տրանսպորտային հանգույցը շահագործման է հանձնվելու ընդամենը 5 կիլոմետր աշխարհագրական տարբերությամբ, և Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում»,- հայտարարել է Ուսուբովը, ապա հավելել, թե իբրև հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին «Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու մանդատ է տվել»։

--00—ԼՄ