Եթե որևէ պաշտոնյա Հայաստանում դատապարտվում է, դա պետք է կասկածելի չլինի. Կոնստանտին Տասից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Հայ-ռուսական հարաբերությունների, արցախյան կոնֆլիկտի լուծման հնարավորության և այլ հարցերի մասին 24News- ը զրուցել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի՝ Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցի հետ։                                                                                            

-Պարոն Տասից, Հայաստանում իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ փոխվեց։                                                     

Հարաբերությունների դինամիկան պահպանվում է։ Մենք տեսնում ենք ավելի սերտ գործակցությանն ուղղված քայլեր, մասնավորապես, այն, որ Հայաստանի ղեկավարությունը որոշում կայացրեց հումանիտար առաքելություն ուղարկել Սիրիա։ Միևնույն ժամանակ, անշուշտ, խնդիրներ էլ կան, բայց ուրախացնում է այն, որ դրանք լուծվում են կառուցողական դաշտում՝ երկու երկրների լիդերների երկխոսության շրջանակներում։                            

-Ի դեպ՝ Սիրիա զորախումբ ուղարկելու հարցում տարատեսակ են կարծիքները Հայաստանում։ Չեք կարծո՞ւմ, որ սա կարող է խնդիր առաջացնել։                                                    

Ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարությունն, այս դեպքում, ազգային շահերից ելնելով է այդ որոշումը կայացրել։ Այստեղ կարևոր է եղել ոչ միայն այն, որ զորախումբն ուղարկվի Ռուսաստանի համար, որ դա կարևոր է աշխարհաքաղաքական դաշնակցի առումով, այլ Հայաստանի դեպքում Սիրիայում սեփական ազգային շահեր կան։ Դա կապված է Սիրիայում գտնվող հայկական համայնքի հետ, որի գերակշիռ մասը ստիպված էր Սիրիան լքել և նրանցից 20․000-ը հայտնվեցին Հայաստանում։ Այդ պատճառներով նաև Հայաստանը հետաքրքրված է Սիրիայում իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ և, որպեսզի այն հայերը, որ ապրում են այնտեղ, իրենց անվտանգ զգան։                                                                                  

-Անդրադառնանք ղարցախյան կոնֆլիկտին։ Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումները, ինչպես նաև՝ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումները, ի՞նչ եք կարծում՝ որևէ փոփոխություն կարո՞ղ է լինել այս հարցում։                                                                                           

Շատ դժվար է կանխատեսել այդ խնդրի զրագացումը՝ հաշվի առնելով, որ 30 տարի կոնֆլիկտը չի լուծվել։ Դժվար  ասել, որ այն  առաջիկայում կարող է լուծվել։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ Ադրբեջանը և մասամբ՝ Հայաստանը, ձեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը դիտարկում են որպես հնարավորությունների պատուհան՝ կոնֆլիկտի մեջ փոփոխություն մտցնելու հարցում։ Կարծում եմ, որ մասնավորապես, կողմերը համամիտ են այն հարցում, որ պետք է փոխել հռետորաբանությունը կամ, ինչպես կողմերն արտահայտվեցին բանակցությունների արդյունքում, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու։ Առաջիկայում այդ հարցով տեղաշարժ կլինի, իսկ թե ինչ կլինի հետագայում՝ առաջին հերթին կախված է հակամարտող կողմերից, այսինքն, թե նրանք արդյոք կկարողանա՞ն պայմանավորվել, գտնել փոխզիջումային տարբերակ։ Դա թույլ կտա առաջ գնալ և թուլացնել լարվածությունը։ Մինսկի խմբի համանախագահները, որոնք միջնորդ են հանդիսանում, ոչինչ չեն կարող փոխել, եթե կողմերի միջև քաղաքական կամք չլինի։                                

-Հայաստանում մի քանի աղմկահարույց քրեական գործեր են քննվում, որոնցով անցնում են հայտնի մարդիկ։ Ինչպե՞ս եք որակում այս գործերի հարուցումը։  

Եթե որևէ անձ դատապարտվում է, հատկապես, եթե նախկինում պաշտոն զբաղեցրած մեկն է, այդ որոշումը պետք է կասկածելի չլինի։ Դա պետք է արվի ազնիվ դատական գործընթացի համատեքստում և այս հարցում հետաքրքրված են ոչ միայն հայաստանյան իշխանությունները, մտահոգություն է հայտնում ոչ միայն Ռուսաստանն, այլև եվրոպական երկրները։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանն ընտրություն է արել ի շահ իրավական պետության, որտեղ պետք է չկրկնվեն այն հանցագործությունները կամ խախտումները, որ եղել են նախկին իշխանությունների օրոք։ Կարծում եմ, որ հենց սրա վրա պետք է հիմնվել։

 -Դրսի հայացքով ի՞նչ եք կարծում՝ իշխանափոխության գործընթացը, որ կատարվեց Հայաստանում, պե՞տք է լիներ։                                                       

Կարծում եմ՝ այն, ինչ կատարվում է, պետք է լիներ։ Դա, ամենայն հավանականությամբ, օբյեկտիվ գործընթաց էր, իսկ գնահատականը պետք է տա հայ հասարակությունը՝ նշելով, թե արդյոք զգո՞ւմ է նա փոփոխությունները և դրակա՞ն է գնահատում դրանք։ Ռուսաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ մեր երկիրը ելնում է սուվերենության ավանդական պատկերացումից և այլ երկրների ներքին գործերին չխառնվելու սկզբունքից։ Ռուսաստանում շատ ցավոտ են ընդունում, երբ նրա գործերին են խառնվում, և ձգտում է ճնշում չգործադրել այլ երկրների վրա։ Դիվանագիտական հարաբերություններում, հանդիպումների ժամանակ ավելի անկեղծ քննարկումներ կարող են լինել, երբ երկու կողմերն էլ կարող են արտահայտել իրենց մտահոգություններն այս կամ այն հարցում։ Բայց որևէ միջամտություն կամ ճնշում չկա։

 Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ