Ի հիշատակ կացնահարվածների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում մի խաչքար-հուշարձան կա` «1921թ. փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակին» մակագրությամբ: Խաչքարի տեղը պատահականորեն չի ընտրված: Ժամանակակիցների վկայությամբ` այդ վայրում են հանգչում բոլշևիկյան Հայաստանի ղեկավարության կողմից բանտարկված և 1921-ի փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը նրանց ձեռքով կյանքից զրկված 21 հայ ազգային  գործչի, այդ թվում` Սարդարապատի հերոսների, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրների մասունքները: Խմբապետ Համազասպի, Նիկոլայ Ղորղանյանի (Կորգանով) նման նվիրյալների անձնուրաց ջանքի պտուղները քաղող բոլշևիկները նոր Հայաստանի համար վտանգավոր էին համարում ազգային շահը մնացյալ բոլոր արժեքներից գերադասողներին:

Երևանի բանտի փետրվարյան կեսգիշերի աղմուկ-իրարանցումից հետո արյան գետեր հոսեցին, իսկ օրեր անց թատերական զբոսայգու չհայտարարված եղբայրական գերեզմանոցի վրա երեք անտաշ ժայռաբեկորներ հայտնվեցին` ժամանակի խղճի քարերը, որոնք հետո, խղճի խայթոցների պես, հերթով անհետացան: Այն ժամանակվա երիտասարդները պատմում են, որ մեծահասակներն իրենց թույլ չէին տալիս այդ վայրում խաղալ ու աղմկել` ասելով, որ այդ հողի տակ հերոսներ կան թաղված:   

Խորհրդային Հայաստանը, հասարակարգին բնորոշ պահվածքով, այդպես էլ երբեք չխոստովանեց ու չապաշխարեց: Ոչ պատահական զուգադիպությամբ (հավանաբար, պատմական անցքերը կոծկելու նպատակով) այս նույն վայրում էին թաղվել նաև Մայիսյան ապստամբության զոհերը: Խորհրդային Հայաստանը նրանց հիշատակն անմահացրել էր` հուշաքար տեղադրելով:

Բարեբախտաբար և Աստծո կամոք, սակայն, եղան բարեխիղճ մարդիկ, որոնք իրենց վրա վերցրին պատմական ճշմարտությունը վեր հանելու գործը: Նրանցից մեկին, անպայման, պիտի առանձնացնեմ:

Ազգային զարթոնքի օրերին մեր մայրաքաղաքում ռուսական տանկերի ներկայությամբ առաջին պարետային ժամի մասին հայտարարությունը հանրային հեռուստատեսության եթերում կարդալուց անմիջապես հետո լրատվական  տեքստը բարկությամբ հաղորդավարական սեղանին շպրտողը, մեր հանրության կողմից շատ սիրված, ոգեղեն հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանն է եղել: Աիդան խորությամբ ուսումնասիրեց «կացնահարվածների» գործը, եղավ անգամ թբիլիսյան արխիվում, վեր հանեց շատ մանրամասներ: Նրա ջանքերով էր, որ 1993-ին Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում` 1921-ին կացնահարվածների եղբայրական գերեզմանոցի տեղը, հուշաքար տեղադրվեց: Ցավոք, որոշ ժամանակ անց հուշաքարը սկսեց ճաք տալ ու քայքայվել: Աիդա Ներսիսյանը ձեռնամուխ եղավ մեր պատմության ցավալի հետքը փոքրիշատե մեղմացնող այդ հուշաքարի նորոգման կամ այն նորով փոխարինելու գործին:

Այնպես պատահեց, սակայն, որ այդ գործն ինքս ձեռնարկեցի, և 2008-ին նախկին հուշաքարի տեղում տեղադրվեց այսօրվա խաչքար-հուշարձանը: Գուցե ես կարողանայի հպարտանալ իմ ձեռնարկմամբ, բայց պատմական միջադեպի անհեթեթությունը դրա հնարավորությունը չի տալիս: Չէ՞ որ 1921-ին կացնահարվածների այս հուշարձանը նաև մեր ամոթի հուշարձանն է: 

Հայ մարդու համար խաչքարը հավերժական ու բարի հիշատակի մարմնավորումն է: Այս խաչքարն իր մեջ կրում է նաև պատգամ` ուղղված այսօր ու վաղը ապրողներին. ցանկացած պարագայում եղբայրասպանությունը մերժելու, բացառելու պատգամ, որպեսզի հայ մարդը երբեք խաչքարի առաջ չկանգնի` նաև ամոթը սրտում:  

ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ