Ամուլսարի չաշխատելու շրջանում բնապահպանական նոր խնդիրներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բնապահպանները տևական ժամանակ պայքարում էին Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ՝ պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Պարզվում է, սակայն, այսօր, երբ հանքավայրի գործունեությունը դադարեցված է, բնապահպանական խնդիրները ոչ միայն չեն չեզոքացել, այլև նոր վտանգներ են ի հայտ եկել: Մասնավորապես, ըստ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության` ձմռան այս ամիսներին Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ, բայց շրջափակման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել մակերևութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները:

Նրանց պնդմամբ` այս աշխատանքները պետք է իրականացվեին մինչ ձյան տեղումները, մինչդեռ հանքավայրը շրջափակված է, կառավարությունը քայլեր չի ձեռնարկում ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ, և «Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, թե շրջակա միջավայրի, ջրի և օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը:

Կառավարությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը և բնապահպանական տեսչությունը, դեռ չեն արձագանքել «Լիդիան Արմենիային»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջիկայում նշանակված միջազգային փորձաքննությունից հետո շարունակելու է իր գործունեությունը ՀՀ-ում, քանի որ եզրակացությունը լինելու է հօգուտ իրենց:

Մինչ այդ նկատենք, որ այս ընկերությունը 2018 թվականին, 2017-ի համեմատ, ավելի քան 3 մլրդ 132 մլն դրամով նվազեցրել է հարկերը: Եթե 2017 թ. նրանք 16-րդ խոշոր հարկատուն էին, վճարել էին 7.8 մլրդ դրամ, ապա 2018 թ. նրանց վճարած հարկերը կազմել էին 4.7 մլրդ դրամ` խոշոր հարկատուների մեջ զբաղեցնելով 33-րդ տեղը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: