Հայ-ռուսական հարաբերությունում վստահությունը, եթե չասենք՝ բացակա է, ապա աղտոտված է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան էջում անդրադարձել է ռուսական առաջատար ԶԼՄ-ներում հայկական իշխանության քննադատությանը։ Գրառումը՝ ստորև․

«Ուշադրություն դարձրեք, որ սա այն բացառիկ դեպքերից էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ռուսական առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում՝ պետական, փորձեցին ուղղակիորեն պիտակավորել՝ որպես սորոսական, հակառուսական, ՆԱՏՕ-ական, ամերիկյան կամ այլ օտարածին իշխանափոխություն, որը նաև այլ պետություններ «արտահանելու» հեռանկար ունի։ 

Հակված էի կարծելու, որ Սիրիա գործուղված մեր մասնագետների մեկնումից անմիջապես հետո ռուսական լրատվավերլուծական դաշտում վերջապես կփարատվեր Հայաստանի երիտասարդ իշխանությունների մի որոշ հատվածի վերաբերյալ ռուսական վերապահ մոտեցումն ու վերաբերմունքը։ Այնինչ, փաստերն եկան ապացուցելու, որ ռուսական իշխանության, հետևապես նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների վերաբերմունքում ոչինչ չի փոխվել և վստահության մթնոլորտը, եթե չասենք՝ բացակա է, ապա աղտոտված է։

Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց հրապարակումներին։ Կարծես պետք էլ չէր, արդարանալու բան չկար։ Բայց սա այդ դեպքը չէ։ Իշխանափոխության առաջին իսկ օրերից ռուսական կողմը իր վերապահ ու ակնհայտ բացասական վերաբերումնքն էր դրսևորում որոշ նորանշանակ երիտասարդ պաշտոնյաների նկատմամբ, հաճախ՝ արդարացի։ Մենք հավանաբար կարծեցինք, որ դա ժամանակավոր և նման իրադարձություններին բնորոշ գործընթաց է։ Պարզվեց՝ ոչ։ Մեր ռազմավարական դաշնակցի մոտ վերապահումներն ու անվստահությունը, գոնե իշխանության երկրորդ և երրորդ էշելոնի որոշ ներկայացուցիչների վերաբերյալ դեռևս կանխակալ է։ Մի բան է պետք հասկանալ։ Ռուսաստանը գերտերություն է՝ բնորոշ բոլոր հատկանիշներով և, եթե պետությունների առաջնորդների հարաբերությունները բարիդրացիական շղարշ ունեն, դա չի նշանակում, որ ամբողջ համակարգը կիսում է այդ գործելաոճը։ Եվ եթե Սիրիա գնալը իրավիճակը չկարգավորեց, ուրեմն մի այլ տեղում ենք սխալվել»։