Լոռիում ևս 3 անձ կալանավորվել է պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

պարեկ

Լոռու մարզում ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար. նրանք կալանավորվել են, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից հետո մինչև մայիս ամսվա վերջ մարզի տարածքում արձանագրվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների նկատմամբ, իրենց ծառաոյղական պարտականներությունների կատարման հետ կապված, բռնություն գործադրելու դեպքեր: Հարուցված քրեական գործերով նման արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել 7 անձ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 

Լոռու մարզի դատախազությունում կատարված դիտարկումները փաստում են, որ մարզի տարածքում նմանատիպ հանցավոր գործողությունների դեպքեր արձանագրվել են նաև դրանից հետո: 

Մասնավորապես, 2022 թ. հունիսի 3-ին ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 18:15-ի սահմաններում, Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2 աշխատակից ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ծխելու համար կանգնեցրել են նշված բնակավայրի մի բնակչի ավտոմեքենան, ինչից հետո պարզվել է, որ վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում: 

Սթափության վիճակի զննության ընթացքում, պարեկային ծառայության աշխատակիցներին են մոտեցել նույն բնակավայրի 3 բնակիչներ, ովքեր գտնվելով ոչ սթափ վիճակում, իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը խաթարելու դիտավորությամբ, սկսել են վիճաբանել պարեկների հետ:  

Այդ ընթացքում նրանք առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ոտքով հարվածել են պարեկներից մեկին, բռնելով վերջինիս գոտուց ամրացված մահակից և ատրճանակի պատյանից ու քաշելով՝ փորձել են հափշտակել հատուկ միջոցը և հրազենը: Միաժամանակ ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել և վնասել են պարեկների ծառայողական ավտոմեքենան:

Նշված գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Բացի այդ, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում 2022թ. հունիսի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի համանուն վարչական շրջանի տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2 այլ պարեկներ ավտոմեքենայի տարեկան տեխնիկական զննում անցած չլինելու պատճառով կանգնեցրել են Արարատի մարզի Արարատ գյուղի մի բնակչի վարած ավտոմեքենան, ապա պահանջել ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը: Պարեկներից մեկից տեղեկանալով վարորդական իրավունքի վկայականն իր մոտ չգտնվելու պատճառով ավտոմեքենան ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու նրա օրինական մտադրության մասին՝ քաղաքացին սկսել է վիճաբանել վերջինիս հետ, որի ընթացքում զույգ բռունցքներով միաժամանակ հարվածել է նրա կրծքավանդակի առաջային մակերեսին՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա նկատմամբ գործադրել առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:
2022 թ. հունիսի 15-ին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշված երկու քրեական գործերով միջնորդություններ են ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալների նկատմամբ էլ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են:

ՀՀ դատախազությունը նորից քաղաքացիներին խստորեն զգուշացնում է, որ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու ցանկացած դրսևորում արժանանալու է կոշտ հակազդեցության և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ