«Չեք կարող իմ կողքով անցնել»․ աշխարհի ԶԼՄ-ները՝ Ջո Բայդեն-Արմեն Սարգսյան զրույցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը միջանցքում կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի հետ, որը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

«Ողջույն, պարո՛ն նախագահ, կներեք, Ձեր կողքով անցա»,– ասել է Ջո Բայդենը, ինչին Արմեն Սարգսյանը կատակով պատասխանել է. «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»։

Միմյանց որպիսությունը հարցնելուց հետո արդեն շշուկով Արմեն Սարգսյանը Բայդենին հարցրել է. «Դուք առաջադրելու եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններին», ինչին Բայդենը նույնպես պատասխանել է շշուկով։ Նրա ձայնը չի լսվել, սակայն, ժեստերից կարելի է ենթադրել, որ պատասխանը դրական է։

Ամերիկյան լրատվամիջոցներն այժմ ակտիվ քննարկում են այս դրվագը՝ փորձելով գուշակել Բայդենի պատասխանը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու  2020–ին։  Բայդենն այդ ժամանակ 78 տարեկան կլինի։ Նա 2009–2017թթ.  զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Ներկայում նա համարվում է Դեմոկրատական կուսակցության հնարավոր թեկնածուներից ամենամեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն։