Պետական մակարդակով խրախուսված ոճրագործություն․ հայ սպայի սպանությունից 15 տարի է անցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

15 տարի առաջ փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:

Նույն սենյակում հայ սպայի հետ բնակվող հունգարացի Քութի Բալաշը պատմել էր, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝  ադրբեջանցին: Դասընթացների ժամանակ ներկայացուցիչներից և ոչ մեկի միջև վիճաբանություն չէր եղել: Փետրվարի 19-ին, Մարգարյանը մյուսներից ավելի երկար է պարապել, ինչից հետո հանդիպել է ընկերոջը` Հայկ Մուկուչյանին, ապա գնացել իր սենյակ: Ադրբեջանցի Սաֆարովը, օգտվելով այն հանգամանքից, որ Մարգարյանը քնելուց դուռը չէր փակում, առավոտյան կողմ գնացել էր նրա սենյակ և դաժանաբար կացնահարել քնած հային: Բալաշը պատմել է, որ ինքը ձայներից շրջվել և միայն այդ ժամանակ է հասկացել կատարվածը:

«Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ», - պատմել է հունգարացին:

Գուրգեն Մարգարյանի սպանությամբ չբավարարված Սաֆարովի հաջորդ թիրախը մյուս հայն էր` Հայկ Մուկուչյանը: Սաֆարովն արյունոտ կացինը ձեռքին սկսում է մյուս սենյակներում փնտրել Հայկին` ձայների վրա հավաքվածներին ասելով, որ, բացի հայի արյունից, իրեն ոչինչ պետք չէ: Սակայն երկրորդ հային սպանել նրան չհաջողվեց. այս անգամ դուռը փակ էր:

«Ես արթնացել եմ առավոտյան ժամը 5-ի կողմերը դռան հարվածներից և աղմուկից, երբ Սաֆարովը ռուսերեն գոռգոռում էր, թե բոլոր հայերին սպանելու եմ»,- դեպքից հետո պատմել էր Մուկուչյանը:

Սպանությունից հետո բերման ենթարկված ադրբեջանցին նախնական ցուցմունքում ասել էր, թե իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէր, այլ ողջ հայ ազգի: Սակայն հետո վախկոտի նման հրաժարվել դրանից` փորձելով ներկայանալ իբրև անմեղսունակ և հոգեպես անհավասարակշիռ անձ դատարանի պատիժը ինչ-որ կերպ մեղմելու համար:

2006 թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտլ էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել և տվել մայորի կոչում:

Հունգարիայի իշխանությունների նման որոշումը խստորեն քննադատվեց միջազգային հանրության, տարբեր կառույցների, շատ երկրների դիվանագետների և խորհրդարանականների կողմից: Հունգարական կառավարությանն իրենց ցասումը հայտնեցին նաև հունգարացիները, որոնցից ոմանք սոցցանցերում գրում էին, որ այս արարքից հետո ամաչում են հունգարացի լինելու համար և ներողություն էին խնդրում հայ ժողովրդից:

Ավելի ուշ Հունգարիայի Սահմանադրական դատարան, ԱԳՆ-ն և արդարադատության նախարարությունը ներողություն է խնդրել Հայաստանից։

Հայկական կողմը Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով դիմել էր ՄԻԵԴ, որի որոշումն ակնկալվում է, որ կհրապարակվի այս տարի։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս