Պատրաստվում է պատասխան Կալինինգրադի տրանսպորտային շրջափակմանը․ Պեսկով   

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայում քննարկվում են կոնկրետ միջոցներ՝ ի պատասխան Լիտվայի կողմից ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների՝ դեպի Կալինինգրադ երկաթուղային տարանցման արգելքի։ 
 
«Քննարկվում են կոնկրետ միջոցառումներ։ Այս պարագայում մենք համոզված ենք, որ Եվրամիության կողմից ընդունված անօրինական պատժամիջոցներն այս իրավիճակում բացարձակապես անկիրառելի են, իսկ Կալինինգրադ տարանցման համար այդ պատժամիջոցների կիրառումը հակասում է հիմնարար փաստաթղթերին»,- ասել է նա։ 
 
Պեսկովը հավելել է, որ կարելի է խոսել տարբեր միջոցառումների մասին, այդ թվում՝ տնտեսական։ Նրա խոսքով՝ Մոսկվան կոնկրետ ինչ-որ բանի մասին կխոսի այն ժամանակ, երբ կունենա վերջնական որոշում։ 
 
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի պատասխանը տարանցման մասնակի արգելքին «գործնական» կլինի Լիտվայի համար, իսկ Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը ջախջախիչ պատասխան էր խոստացել Մերձբալթյան երկրների տնտեսությանը։ 
 
Նշենք, որ «Լիտվայի երկաթուղիները» վերջերս ծանուցել են Կալինինգրադին հունիսի 18-ից ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքների տարանցման դադարեցման մասին։

--00—ԼՄ