Նախկին պաշտոնյան ձևական աճուրդով 1,378 հա հողամասը վաճառել էր աներորդուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 2014թ. Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2014 թ. հուլիսին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահը, իր տեղակալի, ՀՀ ԱԳԿԿ Սյունիքի մարզային ստորաբաժանման և ՀՀ ԱԳԿԿ Մեղրիի սպասարկման գրասենյակի ղեկավարների հետ այցելել է Սյունիքի մարզի Կարճևան համայնք, որտեղ նույն համայնքի ղեկավարին մատնացույց անելով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից տարածքները, հայտնել է, որ նույն թվականին պաշտոնավորող ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ կազմված նախագծի հիման վրա, նշված տարածքում կազմակերպվելու է ազատ տնտեսական գոտի և իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից դուրս, իր և ՀՀ վարչապետի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել է, որ նա կազմակերպի նշված տարածքները «ԷՍԻԷՅ» ՓԲԸ-ին օտարելու գործընթացը: Այնուհետև համայնքի ղեկավարին այցելած նույն ՓԲԸ-ի ներկայացուցիչը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ՝ նշված հողատարածքներն աճուրդով գնելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ աճուրդի օրը կապահովի նաև աճուրդին այլ անձի ձևական մասնակցությունը:

Դրանից հետո համայնքի ղեկավարը կազմակերպել է հիշյալ հողերը աճուրդային եղանակով օտարելու ապօրինի գործընթաց, որի շրջանակում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնարարությունը ամեն գնով կատարելու և նրանց հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ ավագանու անդամներից մեկի կեղծ ստորագրությամբ կազմել է իբր ավագանու նիստ անցկացնելու և որոշում կայացնելու վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, և իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փաստացի չկայացած ավագանու նիստի և աճուրդի վերաբերյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա «ԷՍԻԷՅ» ՓԲԸ-ի հետ 06.08.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով 1 540 000, 550 000 և 385 000 ՀՀ դրամով օտարել է ընդհանուր՝ 32 00948 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը՝ էական վնաս պատճառելով Կարճևան համայնքին։

Բացի դրանից՝ համայնքի ղեկավարը, արդեն իսկ տեղեկացված լինելով նշված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հեռանկարի մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 12.07.2016 թ. կրկին ձևական աճուրդ կազմակերպելու եղանակով իր աներորդուն՝ 2 000 000 դրամով օտարել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի անմիջապես հարևանությամբ գտնվող 1,378 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը:

Պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հարուցվել է քրեական գործ:

Քննությունը շարունակվում է: