Ապարանի արյունալի միջադեպի հետևանքով սպանված երկու քաղաքացիներին այսօր հուղարկավորել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

հասարակական

Հունիսի 19-ին Ապարան-Նիգավան միջնահատվածում հնչած կրակոցներից սպանված 27-ամյա Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին այսօր հուղարկավորել են  Ապարան համայնքում։ Այս մասին 24News-ին հայտնեց Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ համայնքում ընդհանուր առմամբ լարված մթնոլորտ է, Ապարանում և հարակից համայնքներում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

«Սպանված տղաներն ամուսնացած չէին, 27, 28 տարեկան էին։ Համիկ Միքայելյանը զինվորական էր, իսկ Տիգրան Հարությունյանը Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն էր, աշխատում էր «Գնթունիկ» սննդի կետում: Վիրավորների մասին տեղեկությունը նույնն է․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մնացածի կյանքին վտանգ չի սպառնում»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Արագածոտնի մարզում հունիսի 19-ին՝ Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ է տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով կրակել են երիտասարդների վրա: Ժամեր անց ՔՊ-ական պատգամավորը հերքել էր դեպքին իր հարազատների մասնկցությունը՝ նշելով, որ մամուլի տեղեկությունները աղերս չունեն իրականության հետ: Նշենք նաև, որ ՀՀ ոստիկանությունից էլ հայտնում են, որ Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է, կա երկու զոհ։

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ