Խրամատներ, բարիկադներ՝ դեմ ենք բևեռացմանը. Ղազինյանը՝ նոր կուսակցության մասին

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 19, 24News

Նորանկախ պատմության մեջ Հայաստանի քաղաքական համակարգը գտնվում է բավական խոցելի վիճակում, գործում են քաղաքական գաղափարախոսությունից մի փոքր հեռացած, հստակ դիրքորոշում չունեցող քաղաքական կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրն իր առջև դրել է նպատակ հասնել իշխանության։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 19-ին, «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարի կազմակերպիչների խմբի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով՝ այդ ամբողջ պայքարի ընթացքում գաղափարախոսությունների մրցակցությունը, որը պետք է դրված լիներ քաղաքական համակարգի հիմքում, վերածվում է իշխանության համար մրցապայքարի։ Ազդարարելով նոր քաղաքական ուժի ստեղծման մասին, Ղազինյանը նշեց, որ գաղափարի հիմքում դրվել է ցենտրիզմը, որը չի ընդունում բևեռացվածությունը։

«Հիմքում դրված են պետության կառավարման կանխատեսելի, կայուն համակարգը։ Նախորդ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում եղան ջրբաժաններ, բաժանարար գծեր, որոնք, պայմանականորեն, Հայաստանը բաժանեցին հնի ու նորի, սպիտակի և սևի, հեղափոխականի ու հակահեղափոխականի։ Փորվեցին խրամատներ, կառուցվեցին բարիկադներ, սկսվեցին հետապնդումներ, այդ ամենը ստեղծեց սերունդների միջև հակամարտության ֆոն»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով՝ նոր կուսակցությունը մերժում է բոլոր խրամատներն ու բևեռացվածությունը։