Նախագահականի դռները բաց են․ ընդդիմություն չցանկացավ երկխոսել․ Խաչատուրյանը՝ ցույցերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

նախ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը պաշտոնավարման 100 օրվա առիթով, որի շրջանակում անդրադարձել է ընդդիմության կազմակերպած ցույցերին։

Թեմային առնչվող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

Պետրոս Ղազարյան - Իսկ այս 100 օրվա մեջ հանդիպե՞լ եք կամ փորձե՞լ եք խոսել, զրուցել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Գիտեք ամիսուկես է նրանք հեղափոխություն էին անում, վրաններ էին տեղադրել, պարալիզացրել էին քաղաքը:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Ես առաջին օրվանից ասել եմ, որ բաց եմ ցանկացած քննարկման, երկխոսության համար կամ ցանկացած հարցի վերաբերյալ խոսել, եթե կարիք ունենք իրար լսելու: Սակայն, ինձ համար մեկ պայման կա, եթե դա արվում է քաղաքակիրթ ձևով և դա լինում է նորմալ բառապաշարով, հայերեն և հռետորաբանությունը պետք է լինի շատ համապատասխան, որովհետև ես չեմ փորձելու որևէ մեկին դաստիարակել կամ փորձեն ինձ դաստիարակել, արդեն այդ տարիքում չենք: Եթե քաղաքականության մեջ ենք ուրեմն քաղաքականության մեջ որոշակի կանոններ կան գրված, նաև չգրված, որոնք ուղղակի բարոյական դաշտում են գտնվում: Հիմա ևս օգտվելով այս առիթից ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ այդ խոսակցություններին: Առաջին իսկ օրվանից ընդդիմությունը հատկապես խորհրդարանական այդ խոսակցությունից, երկխոսությունից հրաժարվել էր, տարբեր պատճառաբանություններով և մինչև հիմա էլ նույն իրավիճակն է: Խոսքը գնում է այն ընդդիմության մասին, որը ներկայացված է խորհրդարանում:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ Դուք պատրա՞ստ եք նրանց հրավիրել, լսել նրանց տեսակետները:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իհարկե:

Պետրոս Ղազարյան - Ապա ինչու՞մն է խնդիրը:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իրենց ցանկությունը չկա: Մի անգամ միջոցառում էր բողոքով եկան այստեղ, հայտնեցին իմ գործընկեր Լիտվայի նախագահին, որին հյուրընկալել էինք այստեղ, որ կարիք չկա ինձ հետ բանակցություններ ունենալ, հանդիպել, որովհետև լեգիտիմության հարց կա և այլն: Սակայն իրականում դա իրենց խնդիրն է:

Սա էլ է նույնիսկ ընդունելի է, բայց այն բառապաշարը, որ կա, որը կիրառվում է փողոցում, որը կիրառվել է մեկուկես ամսվա ընթացքում, ինձ համար անընդունելի է և այդպես չեմ կարծում, որ իրենք հնարավորություն են տալիս դիմացինի հետ խոսելու: Իրենք նաև պետք է պատրաստ լինեն, որպեսզի այդ երկխոսությունը կայանա, բայց իրենք են որոշողը: Նորից եմ կրկնում՝ նախագահականի դռները բաց են:

Պետրոս Ղազարյան - Իսկ ինչպե՞ս կգնահատեք այդ ամիսուկեսը, դա օգուտ տվե՞ց Հայաստանին, թե՞՝ ոչ:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իմ կարգավիճակն այդ առումով շատ բարդ է, որովհետև եթե ես հիմա խոսեմ, քաղաքական գնահատականներ եմ տալու, բայց քանի որ 1988-ից հետո բազմաթիվ այսպիսի իրավիճակներ եմ տեսել, մոտավորապես գուշակում էի, թե ինչ պետք է լինի:

Պետրոս Ղազարյան - Համեմատում էին 1988 թվականի շարժման հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Ո՛չ, ո՛չ, 1988 թվականի շարժումն երբևիցե իր բառապաշարով, իր պահվածքով, իր ամեն ինչով այդպիսին չի եղել և չէր կարող լինել:

Պետրոս Ղազարյան - Մի խոսքով Ձեր դռները բաց են:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Իհարկե, միանշանակ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

--00—ԼՄ