Հայաստանը՝ առաջնորդի փնտրտուքի մեջ կամ սիրո և բռնաբարության արանքում 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Саркисян Путин

Սերն առ կին, առ ընտանիք, առ հայրենիք շատ պատասխանատու բան է։ Լինում է էնպես, որ դու մտածում ես, թե սիրում ես, հետո, կարծելով որ այն երկկողմանի է, փորձում ես սիրով զբաղվել, իսկ արդյունքում բռնաբարություն է ստացվում։ Հիմա քաղաքականության մեջ էլ է նույնը՝ ում որ հարցնես, երկրի համար ուղղակի խենթանում են, բայց այդ սիրո ու խենթանալու հետևանքով երկիրը բռնաբարվում ու բռնաբարվում է։ 
Փաստ է չէ, որ վերջին երեսուն տարվա մեր ազգային կամ պետական էլիտան (կոչեք՝ ինչպես ուզում եք) սիրել և սիրում է մեր երկիրը։ Իրենց հարցրեք ու տեսեք, թե ինչ դիֆերամբներ են պատրաստ ձոնել։ Բայց դե ինչ ստացվեց այդ սիրուց՝ զգում ենք ամեն օր։ Միակողմանի սերը հաճախ վեր է ածվում բռնաբարության։ 
Սա, ինչպես ասում են, ի միջի այլոց։ Փաստն այն է, որ Արցախյան երրորդ պատերազմը, դրա կատաստրոֆիկ հետևանքները ցույց տվեցին մեր պետական ինստիտուտների ծանրակշիռ մասի պսևդո լինելու փաստը։ Մանավանդ հիմա, երբ երկիրը գտնվում է քաղաքական, հոգեբանական, տնտեսական, անվտանգային ու ինքնության լրջագույն ճգնաժամի մեջ, անհրաժեշտ է ոչ թե պոպուլիստների կամ «փողատեր ռևանշիստների», այլ պրոֆեսիոնալների կառավարություն, մասնագետների, այլ ոչ թե շաղակրատների աշխատանք։ Ու այստեղ հարց է առաջանում, կարողանու՞մ ենք մենք իբրև հասարակություն տարբերակել շաղակրատ ապիկարներին իսկական պրոֆեսիոնալներից։ 
Հայաստանի պատմության երեսուն տարիները ցույց են տալիս, որ եղել են մարդիկ, որոնք իրականում ստեղծել են գերկարևոր պետական ինստուտուտներ, ամրացրել են պետությունը, ապացուցել իրենց նվիրվածությունը ազգային գաղափարներին ու ժողովրդի կարիքներին, բայց այդ նույն մարդիկ շատ հետաքրքիր, ցինիկ ու խորամանկ ձևով հեռացվել են, ընդ որում հեռացվել են անվանարկվելով, երբ հստակ է դարձել, որ նրանք պատրաստ են ավելի լուրջ բաների, օրինակ, պետություն ու ժողովուրդ առաջնորդելու, որն էլ կհանգեցներ իշխող էլիտայի փոփոխությանը։ 
Ու բնական է, որ մարդկային բնույթը, հատկապես իշխանություն ունեցող մարդկային բնույթն այնպիսին է, որ չի կարող հանդուրժել հավանական մրցկացի գոյությունը։ Ինչպես ասում են, ինքնապաշտպանության օբյեկտիվ դրսևորում, որը լավ է սեփական անձի ու կործանարար է պետության համար։ 
Այս հարցերն ինձ մոտ առաջացան այն բանից հետո, երբ միջազգային ասպարեզում հերթական անգամ երևաց մեր ոչ անհայտ հայրենակցի՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հաջողությունները, ով հրաժարական տվեց ու «մերժվեց» այն բանից հետո, երբ փորձեց երկրում իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ։ Ի դեպ, այդ բարեփոխումները, չնայած Սարգսյանի հրաժարականին, մնացին, նրանք ոչ ոք չմերժեց ու չչեղարկեց, դրանք շարունակվում են ցայսօր, բայց, ինչպես ասում են, ո՞վ է դա հիշում։ 
Ընդ որում, Տիգրան Սարգսյանին ոչ միայն մերժեցին, այլ նաև սեփական ոչ անհայտ թիմակիցներն իրենց սպասարկող մամուլի օգնությամբ «դարձրին» կաշառակեր, կոռուպցիոներ, պաշտոնեական դիրքի չարաշահող և այլն։ Իհարկե, հին և նոր իշխանությունների օրոք տարիներ ձգվող դատավարությունները ցույց տվեցին Սարգսյանի անմեղությունը, բայց, սելավի...  
Եվ իհարկե, այս ամենի մեջ կա հենց իր՝ Տիգրան Սարգսյանի մեղքի բաժինը, ով մտածում էր, թե քաղաքական ալիգատորային այդ իրականությունում  պետք է իրեն պաշտպանեն ու թույլ չտալ հարձակումներ, բայց դրանք ոչ մի կապ չունեին իրականության հետ։ Քեզ կխժռեն այն ժամանակ, երբ պետք է խժռեն՝ սառը դեմքով կրկնելով «Կնքահայրը» անկրկնելի ֆիլմից հայտնի մեջբերումը՝ "Ничего личного, только бизнес!". 
Ու ոչ ոք քեզնից բացի քեզ չի պաշտպանի, անգամ երբեմնի թիմակիցների մի մասը, որոնք անկյուններում կասեն՝ «այ, այ, այ, իսկ մենք զգուշացնում էինք»՝ սեփական հետույքը փրկելու համար։ 
Ինչևիցե, Սարգսյանի օրինակով պետք է վերլուծենք մի պարադոքսալ իրականությունը։ Տիգրան Սարգսյանի շնորհիվ վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի ֆինանսական համակարգը համարվում է նախկին ԽՍՀՄ տարածքի ամենակայուններից մեկը, եթե ոչ ամենակայացածը։ Բոլոր հեղինակավոր միջազգային ու հայաստանյան մասնագետները կարող են միաբերան պնդել, որ բացառապես իր շնորհիվ է, որ մեր երկրի բանկային համակարգը, չնայած բազմաթիվ ու բազմապիսի քաղաքական վայրիվերումների, շարունակում է անխափան աշխատել։ Հենց երկրի ֆինանսական ու բանկային համակարգի օրինակների վրա պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում կայուն պետական ինստիտուտների կառուցում։  
Հայաստանյան որոշ շրջանակների կողմից անվանարկված, «ԿԲ-ի ոսկին ծախած» Տիգրան Սարգսյանն այսօր Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավարն է, մարդ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է երկու խոշորագույն ծրագիր, որոնք ազդելու են միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ 
Երեքշաբթի օրը Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական միության կառավարության ղեկավարների հանդիպմանը  ՌԴ վարչապետ Միշուստինի հրավերով ներկա էր նա Սարգսյանը, ով ներկայացնում էր «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հավելվածը։ Այդ հավելվածը ողջ ԵԱՏՄ տարածքում նոր որակի է բարձրացնում անդամ-երկրների քաղաքացիների համար աշխատանք գտնելու հնարավորությունները, շեշտակիորեն դյուրացնում տեղաշարժման գործընթացը։ Ընդ որում, Միշուստինը հենց այդ քննարկման ժամանակ խնդրեց մյուս երկրների կառավարության ղեկավարներին հնարավորինս աջակցել Սարգսյանի նախաձեռնած հավելվածին, որը պետք է դառնա ԵԱՏՄ ողջ տարածքում կարևորագույն նորարարությունը։ 
Ընդամենը մեկ տարի առաջ էր, երբ ՀՀ նախկին վարչապետի առաջարկած թվային որոշումը՝ «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածը, հնարավորություն տվեց համավարակի պայմաններում բացել սահմանները ողջ ԱՊՀ տարածքում ու ազդեց միլիոնավոր մարդկանց կյանքի վրա՝ տալով ազատ տեղաշարժի հնարավորություն։ Ու հենց այդ հավելվածի կարևորությունն էլ շեշտել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տալով ևս մեկ բարձր գնահատական Տիգրան Սարգսյանի աշխատանքներին։ 
Բայց հիմա հարց. ինչպե՞ս է ստացվել, որ միջազգային ասպարեզում այսպիսի հաջողությունների հասած, միջազգային խնդիրներ լուծող անձնավորությունը չի կարողանում օգտակար լինել իր իսկ հայրենիքին՝ լուծելով Հայաստանի առջև ծառացած խնդիրները։ Երևի այս հարցի պատասխանը պետք է տան մարդիկ, որոնք հետևողականորեն փչացրին նրա հեղինակությունը ու փորձեցին ստեղծել նրանից «հակահերոս»՝ սեփական իշխանությունը պահելու ու հավերժացնելու համար։ 
Եվ քանի՞ այսպիսի մարդիկ կան, որոնք իրապես կարող են օգտակար լինել մեր երկրին, սակայն ինչ-ինչ պատճառներով չունեն դրա հնարավորությունը։ Մի՞թե մենք այդքան կարճատես ու շռայլ ենք բառիս վատ առումով։

Սուրեն Կամսարական