ՍԴ նախագահը Դունյա Միյատովիչի հետ զրույցում կարևորել է հայ ռազմագերիների հայրենադարձման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նկար

2022 թվականի հունիսի 23-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Դիլանյանն

առանձնահատուկ կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների

հանձնակատարի դերը եվրոպական տարածաշրջանում հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության գործում:

Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի

պատվիրակությանը Ստրասբուրգ աշխատանքային այց կատարելու համար, նշել է, որ մշտապես հետևում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումները:

Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ Սահմանադրական դատարանի նախագահը շեշտել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հարցի հրատապությունն ու արժևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դերակատարումն այս հարցում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սահմանադրական դատարանի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի միջև հետագա համագործակցության ակտիվացման շուրջ:

--00—ԼՄ