Ի՞նչ են մտածում արյունալի սպանությունների մասին ապարանցիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Այսօր Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի առջև էին հավաքվել հունիսի 19-ին Նիգավան- Ապարան միջնահատվածում տեղի ունեցած վեճի արդյունքում սպանված երկու զոհերի՝ Համիկ Միքայելյանի և Տիգրան Հարությունյանի հարազատները, իրավապահ մարմիններից պահանջելով արդար քննություն իրականացնել և պարզել սպանության մեղավորներին, նշելով, որ արյունալի դեպքից անցել է 6 օր, բայց ձերբակալվել  է միայն մեկ անձ:

24News-ը Ապարանում զրուցեց քաղաքացիների հետ պարզելու համար, ի՞նչը կարող էր  վեճի պատճառ դառնալ, արդյո՞ք դեպքից հետո Ապարանում վախի մթնոլորտ կա, և հնարավոր համարո՞ւմ են, որ վեճը շարունակություն ունենա:

Քաղաքացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ Ապարանում նման վեճեր հազվադեպ են եղել, իրենց համար էլ անսպասելի էր դեպքը, քանի որ Ապարանում բոլորն իրար ճանաչում են:, միաժամանկ նշելով, որ բնակչությունը ընդհանուր առմամբ լարված է, իսկ ոստիկանությունը շարունակում է Ապարանում հսկողություն իրականացնել: Խոսելով զոհերի մասին, քաղաքացիները նշեցին, որ ճանաչում են Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին՝ հանգիստ բնավորություն ունեին երբեք վեճերի մասնակից չեն եղել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել են և մասնակցել պատերազմին:

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել, որի պատճառով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 7 քաղաքացի «Ապարան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել:  Վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել էր, իսկ 6 հոգի տեղափոխվել էին Երեւանի բժշկական կենտրոններ: Ժամեր անց, մահացել էր եւս մեկ քաղաքացի։

Հարուցված քրեական գործով ձերբակալվել է Զորագյուղ համայնքի բնակիչ 32-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ միջադեպին մասնակցել են «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր եւ իր ընտանիքի անդամների մասնակցությունը միջադեպին, նշելով որ, տեղեկությունն իրականության հետ աղերս չունի: Տեղեկությունները կեղծ է որակել նաեւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Նշենք, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեկան գործ։

--00--ԱՀ