ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

31457_b.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ ԱԺ բակում ներկա է գտնվել Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանը երկարամյա հայրենանվեր գործունեության համար ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

Կառավարության ղեկավար նշել է, որ պարգևը ՌԱԿ կատարած աշխատանքի գնահատանքն է ՀՀ իշխանությունների կողմից: 

Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Ռամկավար ազատական կուսակցության հարգելի ղեկավարներ և ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ՌԱԿ հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով:

Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը: 

Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, ինչպիսիք էին՝ Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Միհրան Տամատյանը և այլոք:

Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը:

Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում:

Մենք շահագրգիռ ենք կուսակցության քաղաքական գործունեության զարգացմամբ, որը կրում է այնպիսի ավանդույթներ և արժեքներ, որոնք միտված են բացառապես մեր երկրի և ժողովրդի միասնականության, ազատության ու պետականության ամրապնդմանը: 

Հարգելի գործընկերներ,

Այս հոբելյանը լավ առիթ է արժևորելու անցած ճանապարհը, վերագնահատելու այն և զարգացման նոր ուղի դուրս գալու միջոցները գտնելու համար: 

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ կուսակցաշինական բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն՝ ի փառս մեր երկրի, հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության:

Համոզված եմ՝ Հայաստանն ու հայությունը մշտապես շարունակելու է զգալ Ռամկավար ազատական կուսակցության զորակցությունն ու աջակցությունը»:

--00—ՀԶ