Ռազմատենչ հռետորաբանությունն Բաքվի խոսույթի անբաժանելի մասն է դարձրել. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 27, 24News

16563352740889.jpeg

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում այդ երկրի ԱԳ ղեկավար Նիկոս Դենդիասի հետ հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ՝ ընդգծելով Ադրբեջանի ռազմատենչ, առավելապաշտական խոսույթը՝ ուղղված Հայաստանի և Արցախի դեմ։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ 

«Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Անդրադարձել եմ տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև, ընդհանուր, խաղաղության համաձայնագրի գործընթացներին:

Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասին, որը 44-օրյա պատերազմի օրերին այցելեց Երևան, արտահայտեց Հունաստանի և հույն ժողովրդի զորակցությունը մեզ այդ օրհասական և կարևոր ժամանակահատվածում: Ռազմավարական գործընկերոջը հարիր այդ ժեստը մենք իսկապես երբեք չենք մոռանա:

Հարգելի՛ գործընկերներ,

Ցավալիորեն պետք է փաստել, որ հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունները, իսկ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը, ցավոք, ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն է դարձրել։

Խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները, կրկնում եմ, բոլոր քաղաքակիրթ երկրները, բոլոր հնարավոր առիթները օգտագործելով՝ պետք է նպաստեն, կոչ անեն ու պնդեն, որ Ադրբեջանը վերադարձնի մեր բոլոր գերիներին:

Հարգելի՛ ներկաներ,

Հայ ժողովուրդը հազարամյակներ ընդգրկող պատմության ընթացքում հրաշագեղ եկեղեցիներ, հուշարձաններ, կոթողներ է ստեղծել, որոնք համայն մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մասն են: Այսօր, ցավոք, այս ժառանգության մի մասը վերահաս ոչնչացման վտանգի տակ է: Ադրբեջանական իշխանությունների պետական, պաշտոնական քաղաքականության պատճառով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ունենք սրբապղծված եկեղեցիներ, ջարդուփշուր եղած հուշարձաններ, հայկականության հետքից մաքրված կոթողներ: Ի տարբերություն շատ այլ նմանատիպ անընդունելի դեպքերի, մենք չենք կարող պնդել, որ աշխարհը լռում է․ իսկապես՝ աշխարհը խոսում է և շատ հստակ է արտահայտվում: Եվ դրա վառ օրինակն է 2021թ. դեկտեմբերի ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին դադարեցնել այս քաղաքականությունը:

Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական ու շարունակական արձագանքն այս վարքագծի վերաբերյալ, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը, որը կարևոր քայլ կլինի այս ժառանգության փրկության համար։

Եվ, իհարկե, ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ խաղաղությունը մեր սկզբունքը, մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է: Մենք իսկապես ձգտում ենք կառուցել խաղաղ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս, և հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում», - ասել է նա։ 

Տեսանյութեր