Մարտահրավերների դեմ՝ դավիթբեկաբար. լույս է տեսել «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 6-րդ համարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

1087041.jpg

Լույս է տեսել 2003 թ. մարտի 30-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ հրատարակվող «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի 6-րդ համարը՝ նվիրված Դավիթ Բեկի գլխավորությամբ Սյունիքի ազգային-ազատագրական պայքարի 300-ամյակին: Իրադարձություն, որը լեգենդար գահերեց զորավարի ժամանակներից սկսած՝ բազմաթիվ հերոսներ է ծնել ու դաստիարակել իր օրինակով, տոգորել է հպարտության ու անպարտելիության, հայրենիքին ու պետությանը հավատարմության զգացումներով:

Ըստ իս՝ այն բանում, որ նախորդ դարի սկզբներին Սյունիքը, ի տարբերություն Արցախի ու Նախիջեւանի, կարողացավ միավորվել մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ, մեծ է հենց Դավիթ Բեկի ավանդը, ում կյանքն ու գործը օրինակ են դարձել հայրենասեր ուժերի համար: Եվ պատահական չէ, որ «կուտակված սեւ ամպերի» դեմ խոյացած հերթական շանթ-կայծակը՝ Գարեգին Նժդեհը, 1920 թ. օգոստոսի 25-ին հիմնած միությունն անվանեց «Դավիթբեկյան ուխտեր»: Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները Դավիթ Բեկի անունով երդվեցին «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռվել մինչեւ վերջին շունչը»: Ուխտերի նշանաբանն էր՝ «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար»: Եվ հենց Դավիթբեկյան Ուխտերի օրինակով էր, որ Նժդեհը հետագայում հիմնադրեց Ցեղակրոն Ուխտերը: Իսկ հայ զինվորները մարտի էին նետվում «Մեզ հետ է Աստված եւ Դավիթ Բեկի վրիժակ հոգին» կարգախոսով:

Հայոց կյանքում ազատասեր, հայրենասեր հայ մարդիկ շատ են եղել: Հայկի զավակները պատմության ընթացքում հազարավոր անգամներ են ապացուցել, որ ազատությունը վեր են դասում անգամ սեփական կյանքից: Բայց ազատասերներն ու հայրենասերները մեծ են դառնում այն ժամանակ, երբ ազգին օգնում են ոչ միայն իրենց կենդանության օրոք, այլեւ մահից հետո: Դավիթ Բեկը, ով այսօր էլ դրոշ է հայության կյանքում, այդ մեծերից մեկն է ու այսօր էլ ապրում է մեր մեջ ու մեր ազգային նպատակներում: Նա կապրի միշտ:

Հանդեսը հենց այս տրամաբանությունն է ձգտում փոխանցել ընթերցողներիս՝ 56 էջանոց թողարկման առաջին՝ գունավոր էջում հրապարակելով քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի՝ Դավիթ Բեկի կապանյան հուշարձանի լուսանկարը: Աղեղի պես պրկված Բեկը նետվում է դեպի թշնամին… Նա նստած չէ թամբին, այլ ճախրում է օդում՝ կարծես ձգտելով առաջ անցնել իր ձիուց եւ պատրաստելով իր հզոր զարկը:

Զարկ, որն արդեն 300 տարի արձագանքում է սյունյաց լեռներում եւ հնչում է որպես մարտակոչ… Սուրը դեռ հանված չէ պատյանից, բայց քանդակագործը շեշտը դրել է ձեռքի վրա, որն առաջ է պարզված եւ մատնացույց է անում հարվածի սլացքի ուղղությունը: Իսկ ողջ համարի խորագիրը՝ «Դավիթ Բեկ. մեր գահերեց զորավարը՝ առասպելացած, մեր անպարտելի ոգու այսօրեական ու մշտնջենական խորհրդանիշը», աղերսներ ունի նաեւ այսօրվա իրականության հետ: Հանդեսի գլխավոր խմբագիրը՝ Սամվել Ալեքսանյանը, հստակ գիտակցում է, որ հայ ժողովուրդը Դավիթ Բեկի պես առաջնորդի կարիք ունի հիմա, նաեւ կարծես կանխատեսում է, որ ապագայում նույնպես մարտահրավերներ կլինեն, որոնց դեմ պետք է դուրս գալ… Դավիթբեկաբար:

«Պատմական այդ իրադարձությանն անդրադառնալու պատճառը հերթական տարելիցը չէ սոսկ: Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական կռիվներն աներկբա վկայությունն են Սյունյաց աշխարհի զավակների, մեր նախնիների ազատասիրական ոգու, որը փոխանցվել է սերնդեսերունդ, որի արժանավոր շարունակողը պարտավոր ենք լինել մենք՝ ժամանակակիցներս,- գրում է Սամվել Ալեքսանյանը:- Դավիթ Բեկի հերոսամարտը յուրօրինակ նախապատմություն է մեր օրերում տեղի ունեցած եւ տեղի ունեցող իրադարձությունների»:

Դավիթ Բեկի ազգային-ազատագրական շարժման պատմությունը ներկայացնելու համար հանդեսը հենվել է հավաստի աղբյուրի՝ Ղուկաս Սեբաստացու «Դավիթ Բեկ կամ պատմություն կապանցիների» աշխատության վրա, հատվածներ է ներկայացրել Րաֆֆու «Դավիթ Բեկ» եւ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպերից, հրապարակել է Նիկողայոս Ադոնցի «Դավիթ Բեկի» պատմական հիմքն ու գաղափարախոսական արժեքը» աշխատությունը, Սեւակ Արզումանյանի «Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի մասին» հոդվածը:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, երաժշտության բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն անդրադարձել է Դավիթ Բեկի կերպարին հայ օպերային արվեստում, մասնավորապես՝ Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերային, իսկ արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը ներկայացրել է Դավիթ Բեկի կերպարը հայ կինոյում: Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը գրել է 1720-ականների Սյունյաց իշխանապետության տեղագրության մասին, Հովհաննես Այվազյանը քննարկել է Դավիթ Բեկի ծագումնաբանության շուրջ հարցերը: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործի Դավիթ Գասպարյանը գրել է Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպի մասին՝ պատմական իրադարձությունների վերլուծության միջոցով եզրակացություններ կատարելով նաեւ այժմյան իրավիճակի համար:

Հրապարակված այլ նյութերը վկայում են, թե Դավիթ Բեկը որքանով է ներկայացված հայոց կյանքում: «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը տարբեր օրերին ուխտագնացություններ է կազմակերպել Դավիթ Բեկի զինակիցներ Առաքել զորագլխի, Բալի, Սարգիս զորավարների, Թորոս իշխանի շիրիմներին: Չի մոռացվել նաեւ արծվանիկցի դավաճան մելիք Ֆրանգյուլը, ում գերեզմանին այցելությունը նախորդ սերունդների անեծքներին իր նզովքը միացնելու նպատակ ուներ: «Երեք հարյուր տարի շարունակ այդ վայրը եղել է դավաճանի հանդեպ սյունեցու հոգու զայրույթն ու ատելության մաղձը պարպելու տեղ: Այդպես է նաեւ այսօր: Այդպես է լինելու հավերժ»,- գրում է հանդեսը:

«Ժամանակները փոխվել են, բայց անկախ ու ազատ ապրելու խնդիրները մնում են, որոնք թե ներքին են, թե արտաքին: Ներքինը վերաբերում է համազգային միաբանությանը, արտաքինը՝ թուրք-ադրբեջանական սադրանքներին, որոնց թիկունքում նաեւ մեծ երկրների շահերն են: Ինչ անել՝ ծնե՞լ մի նոր Դավիթ Բեկ, դա իր հերթին, անձնազոհ, նվիրված հայը միշտ էլ պետք է ժողովրդին, եւ նրանցից շատերը հերոսացան Արցախյան առաջին պատերազմում»,- նշում է Դավիթ Գասպարյանը՝ ավելացնելով, որ թշնամիները նույնն են, արտաքին վտանգները՝ նույնպես, խորանում է ներքին անմիաբանությունը, ինչի պատճառով ազգային վիճակը չի կայունանում:

«Բավական է: Պատմությունն ու Դավիթ Բեկը մեզ սթափության են կոչում: Բոլոր մանր անձնական, նեղ կուսակցական շահերը թողնենք մի կողմ եւ ուժ գտնենք միաբանվելու եւ համատեղ ելք որոնելու: Ինչպես ժամանակ առաջ, հիմա էլ հայրենիքը մեզ է կանչում»,- շեշտել է Դավիթ Գասպարյանը, ում համոզմամբ՝ «զբոսայցային մեր դիվանագիտությունը պետք է դառնա գործնական եւ խնդիրներ լուծի», իսկ «ազգային չկայացվածությունից բխող խեղճությունը, որն ամենուր է, կոտրում է ժողովրդի ոգին»:

«Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսը պատեհ առիթի շնորհիվ «հրավիրում» է քննարկումների, 300-ամյա պատմության տարբեր ժամանակների միջեւ համեմատությունների անցկացման եւ եզրակացությունների կատարման: Նման նախաձեռնությունները բնորոշ են միայն հայրենասերներին, եւ ես հույս ունեմ, որ իր ազգային ակունքներին հենված Սամվել Ալեքսանյանի սկսած զրույցը նոր թափ կստանա՝ ոչ միայն իր վրա բեւեռելով հանրության գիտակից շրջանակների ուշադրությունը, այլեւ վերածվելով հնարավորության՝ ամեն տարի խոսելու Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի եւ բոլոր նրանց մասին, ովքեր ազգային արժեհամակարգի պաշտպանության խնդիրների լուծումները վերածել են հերոսական, հայրենիք պահող գեղեցիկ ավանդույթների:

--00—ՀԶ