Փաշինյանը հայրենիքն արդեն բացահայտ կտոր-կտոր հանձնում է․ արցախցի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

քաղաքական

Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂԻՄ-ի տարածքից, ապա ինչո՞ւ Հադրութի մասին երբևէ բառ չի արտաբերում, որ դա ԼՂԻՄ-ի տարածք է և պետք է հետ բերվի։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

Երեկ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսին ասել էր, որ երթուղու փոփոխության պարագայում այն տարածքները, որոնք նախկին Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի սահմաններում չեն եղել, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Դե գիտեք, Բերձորի, Լաչինի բնակիչների խնդիրները մենք  կառավարության որոշումներով լուծում ենք։ Մարդիկ պետք է ապահովվեն բնակարաններով։ Մենք այսօր Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք։ Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն բնակվում, և կառավարության որոշումներով իրենց խնդիրները լուծել ենք։ Եվ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն», - ասել էր Փաշինյանը։

Նա նաև ասել էր, որ Սուս գյուղի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել. «Սկզբունքը հետևյալն է՝ ԼՂԻՄ վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս»։

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ «Փաշինյանը մեր հայրենիքը հանձնելով գնում է»։ «Իր ծրագիրն է, որը կյանքի է կոչում։ Մինչև ժողովուրդը չհասկանա, չըմբոստանա և Նիկոլ չարիքին չհեռացնի, մենք մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու ենք։ Նիկոլի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իր հերթական դավաճանական քայլի մասին հանրությանը տեղեկացնելը»։

Հարցին՝ Արցախի իշխանությունները տեղեկացրե՞լ են «Արդարություն» խմբակցությանը տարածքների հանձման հավանականության մասին, Գալստյանը պատասխանեց․ «Նորից եմ կրկնում, ռազմական դրության ժամանակ Արայիկ Հարությունյանը ստորագրած հրամանագիր ունի, որ անվտանգության առումով պաշտոնական տեղեկատվությանը հետևենք, իսկ դա ուղիղ մեր անվտանգության հետ առընչություն ունի։ Դրա համար չեմ կարող մեկնաբանել, դա պետք է պաշտոնական տեղեկություններով Արցախի իշխանությունները մեկնաբանեն։ Հանրությանը բացատրեն, թե ինչ  է կատարվում, տեսնենք՝ հանրությունն ընդունո՞ւմ է այդ ամեն ինչը, թե՞ չէ։ Այլ ոչ թե ժողովրդի թիկունքում քայլեր ձեռնարկեն, դա Նիկոլ Փաշինյանին է վերաբերվում, որն արդեն իսկ հայրենիքը բացահայտ, կտոր-կտոր հանձնում է»։

«Երբ որ ընդդիմությունն է խոսում, հանրությունը մեզ մեղադրում է, թե իշխանության համար պայքար է, իսկ հայրենքի կորո՞ւստը, ժողովուրդը  պետք է հասկանա, զուգահեռներ անցկացնի։ Երբ որ Հայաստանի իշխանություններին մեղադրում ենք, որ հայրենիք են հանձնում, իրենք ասում են, որ մենք իշխանության համար ենք պայքարում։ Ժողովուրդը պետք է որոշի՝ պատրա՞ստ են հայրենիքի կորստին, և Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Եթե ժողովուրդը չըմբոստանա, և Փաշինյանից օր առաջ չազատվենք, մենք հայրենիք ենք կորցնելու», - եզրափակեց Դավիթ Գալստյանը։

--00--ՏՏ