Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

հասարակական

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը լքելու նախապատասրատական աշխատանքներ դեռևս չեն սկսվել։ Այս մասին 24News-ին ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Այսօր Ազգային ժողովում պատասխանելով «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհ ընտրելու հարցին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ կառավարությունն ընտրել է առաջարկվող տարբերակներից լավագույնը։ «Մենք պարտավոր ենք Բերձոր քաղաքից դուրս գալ, իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակում ենք տանել», - նշել էր Հարությունյանը։

2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, «որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի խոսքերով՝ Բերձորից դուրս գալը ենթադրում է Հայաստանն Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո։ «Այս պահին բնակչությունը դեռևս քաղաքից դուրս գալու հատուկ տրամադրվածություն չունի։ Ես Ստեփանակերտում եմ, բայց կապս Բերձորի հետ հեռախոսով կա։ Հստակ ժամկետ չկա նշված Հարությունյանի ելույթի մեջ։ Միջանցքի փոխվելուց հետո մարդիկ, որպես այդպիսին, չեն մնալու բախտի քմահաճույքին։ Հայտարարությունը ենթադրում է, որ միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա», - ասաց Ալեքսանյանը։

--00--ՏՏ