ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ նախօրեին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ): Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է հղել նրան։
Զրույցի ընթացքում անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին՝ Վեհափառը ցավով է խոսել անցյալ դարում երկու ժողովուրդներին պատուհասած ողբերգությունների՝ Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց Սփյուռքում երկու ժողովուրդների զավակների միջև ձևավորված բարեկամական հարաբերությանը:
Իր Հերթին դեսպան Յոել Լիոնին կարևորել է երկխոսության շնորհիվ երկու երկրների միջև փոխգործակցության և բարեկամական հարաբերությունների խորացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և դրանց յուրացման քաղաքականության առնչությամբ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն է մաղթել դեսպան Լիոնին։
--00--ԶՀ