Ռուբեն Վարդազարյանն իր լիազորությունների դադարեցման որոշման հարցով բողոք է ներկայացրել ԲԴԽ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

հասարակական

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր լիազորությունների դադարեցման որոշման հարցով բողոք է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին 24News-ին ասաց Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։

Օրբելյանը նշեց, որ բողոքով վիճարկում են ԲԴԽ-ի՝ հունիսի 16-ին կայացրած և հունիսի 23-ին հրապարակած որոշումը, որով Վարդազարյանը զրկվել է և՛ ԲԴԽ նախագահի, և՛ դատավորի լիազորություններից։ 

«Բողոքով պահանջում ենք վերացնել ԲԴԽ որոշումը և վերականգնել Վարդազարյանի կարգավիճակը։ ԲԴԽ որոշումը դեռ չենք ստացել։ Քանի որ դատական օրենսգիրքը նախատեսում է կառուցակարգ, ըստ որի՝ բողոքարկման հիմքում կարող են դրվել հանգամանքներ, որոնք անկախ պատճառներով չեն կարողացել ներկայացվել համապատասխան մարմին։ 2 հանգամանք են ներկայացրել․ մեկը՝ Ռ․Վարդազարյանի վատառողջ լինելու հանգամանքը և համապատասխան բժշկական տեղեկանքը, մյուսը՝ մամուլում հրապարակված մի քանի հարցազրույցներ և բրֆինգի նյութեր, որտեղից երևում է, որ ԲԴԽ անդամներից առնվազն 3-ը բացարկման ենթակա են եղել», - մանրամասնեց Վարդազարյանի ներկայացուցիչը։

Արամ Օրբելյանն ասաց, որ ներկայացված բողոքով խնդրել են վերանայել ԲԴԽ որոշումն ամբողջությամբ․ «Կցել ենք համապատասխան ապացույցները։ Կցել ենք գործն արագ քննելու միջնորդություն՝ հաշվի առնելով, որ դատավորների ընդհանուր ժողովի մասին տեղեկատվություն է տարածվել, որ եթե չեմ սխալվում, հուլիսի 27-ին ժողովին պետք է ընտրեն ԲԴԽ անդամ։ Նաև ԲԴԽ-ն պետք է ընտրի իր նախագահին։ Որպեսզի չստացվի ուշացած արդարադատություն, խնդրել ենք գործը քննել սեղմ ժամկետներում, որ հնարավոր լինի այդ որոշմանն անդրադառնալ, արդեն իսկ ունենանք դատական ակտեր, որ հնարավորություն լինի գնահատել»։

«Նաև խնդրել ենք, որ բողոքի քննությունը լինի ոչ թե գրավոր ընթացակարգով, այլ՝ նիստի միջոցով, դրա մասին պետք է ԲԴԽ որոշում ընդունվի։ Բողոքի քննարկման շրջանակներում բացարկ ենք հայտնել ԲԴԽ երեք անձանց՝ Գագիկ Ջհանգիրյանին, Գրիգոր Բեքմեզյանին, Դավիթ Խաչատուրյանին», - եզրափակեց Վարդազարյանի ներկայացուցիչը։

--00--ՏՏ