Այս վարքագծով իշխանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ մտահոգված է բացառապես պաշտոններով

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

image_750x_62bec763e175d.jpg

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է․

«Ինչպես արդեն հայտնի է՝  օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։ 

Իրավիճակը աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է հանրությանն առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ կողմից հայտարարված հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիների՝ մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից շեղելու համար:

Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրությունից ու ժողովրդի կողմից տրված քվեից: 

Փաստ է, որ օրվա իշխանությունները տևական ժամանակ է ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից առհասարակ: Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը: 

Միջազգային հանրությունը, չնայած պարլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի վարքագծին պետք է հետևեր կտրուկ եւ անմիջական արձագանք:

Այս վարքագծով օրվա  իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով, զբաղված՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերն, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է»։

--00--ԶՀ

Տեսանյութեր