ՇՄ նախարարը մասնակցել է «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

ա

Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել իր տեսակի մեջ առաջին «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը:

 

Միջազգային համաժողովի նպատակն է առանցքային շահառուների համար ստեղծել նախապայմաններ միմյանց պարտականությունների և իրականացված և իրականացվող գործողությունների ավելի հստակ պատկերացման, հետազոտական, մոնիթորինգային և պլանավորման գործողությունների ուղղությամբ հնարավոր համատեղ լուծումների տարբերակների ուրվագծման և հետագայում ավելի սերտ համագործակցության համար՝ տեղեկացնում է նախարարը և շարունակում.

 

«Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ևս մեկ անգամ կարևորել եմ ջրային ռեսուրսների պահպանության խնդիրը և խոսել Սևանա լճին էկոհամակարգի պահպանությանն ուղղված ջանքերի միավորման մասին։

 

Ջուրը մեր մոլորակի ամենաթանկ ու անփոխարինելի ռեսուրսն է, որի պահպանությունը կենսական նշանակություն ունի ամբողջ մարդկության, բուսական և կենդանական աշխարհի համար: Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է․ ջրի համար քաղաքական և տնտեսական պատերազմներ են մղվում աշխարհի մի շարք երկրներում, և այն, ինչ կատարվում է ջրային ոլորտում ամբողջ աշխարհում, կարելի է անվանել պայքար ջրի համար։

 

 

 

Ջուրը տարբերվում է բնական բոլոր ռեսուրսներից: Բնական պաշարներից շատերը, այդ թվում՝ անգամ թանկարժեք համարվող նավթը, փոխարինելի է, իսկ ջուրը` ոչ:

Այդ է պատճառը, որ այսօր աշխարհի բոլոր երկրները, կառավարությունները և մարդկությունը փորձում են միավորել ջանքերը հանուն ջրային ռեսուրսների պահպանության։ Բայց մենք պետք է միավորենք մեր ջանքերը ոչ միայն ջրային ռեսուրսների, այլև դրանց որակի պահպանության համար, չէ՞ որ էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են և մի շղթայի մաս․ որքան վատթար վիճակում է գտնվում շրջակա միջավայրը, այնքան աղտոտված են ջրային ռեսուրսները, և հակառակը։

 

Սևանա լիճը Հայաստանի բնության ամենակարևոր հարստություններից է և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն։

 

Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի պատրաստակամությունը՝ միավորվելու և միասին գտնելու այն ուղիները, որոնք կնպաստեն լճի պահպանությանը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը, էկոհամակարգերի բնականոն, ներդաշնակ զարգացմանը և կայուն օգտագործման ապահովմանը»։

 

 

 

ՇՄ նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրին և դրա շրջանակում գրանցված արդյունքներին.

«Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը», և ներկայումս մեզ համար առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման ու նրա ջրահավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կայուն կառավարման հարցերը»:

 

 

 

«Սևանա լճի պահպանության և կայուն օգտագործման հիմնախնդիրների լուծման նպատակով 2020 թվականի սեպտեմբեր ամսին մեկնարկած «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրն իրենից ներկայացնում է քայլերի այն համալիրը, որը կօգնի լուծելու վերը թվարկված հարցերը և կանխելու շատ խնդիրներ։

 

Ծրագիրն արդեն իսկ գրանցել է մի շարք արդյունքներ․ այն օգնում է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները»,- իր ելույթը եզրափակել է նախարարը։

--00—ԻԴ

Տեսանյութեր