Ընտրել ենք ժողովրդավարության ուղեգիծը, ինչը բացառում է իրավական արկածախնդրությունը. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

հասարակական

Հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվան:

ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետը, ՀՀ գլխավոր դատախազը և Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Մեծարգո՛ վարչապետ,

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա առթիվ:

Պատիվ է լինել 104-ամյա մի համակարգի մասնիկը, որն ունի ինստիտուցիոնալ մեծ հիշողություն, կանգնած է մեր պետականության հիմքերում, օրինականության պահպանման առաջնագծում և իբրև պետական մարմին, օրինակելի է իր կայացվածությամբ, իր առաքելությանը, կոչմանն ու սահմանադրական գործառույթներին հավատարմությամբ:

Համակարգ, որ քայլում է ժամանակի պահանջներին ու իրավական մտքի զարգացմանը զուգընթաց՝ պատկառելի տարիքով, բայց երիտասարդական էներգիայով և նպատակասլացությամբ: Այսպիսի համակարգ ունենալու համար, առաջին հերթին, իհարկե, շնորհակալ ենք դատախազության մեր վետերաններին, ավագ սերնդի մեր այն երախտավորներին, որոնք իրենց մասնագիտական բարեխղճությամբ և պրոֆեսիոնալիզմով ձևավորել են համակարգի դիմագիծը, եղել նրա շարժիչը, ում խստաբարո, պահանջկոտ բայց և հոգատար գործընկերությամբ դատախազների նոր սերունդները կատարել են պրակտիկ առաջին քայլերը, յուրացրել համակարգի ավանդույթներն ու կռել իրենց մեջ պետական մտածողությունը:

Ձեր վաստակի, այսօր էլ ձեր սիրելի համակարգի հոգսերով ապրելու, հոգեպես աջակցելու, կուտակած փորձն ու հմտությունները նոր դատախազներին փոխանցելու պատրաստակամության համար իսկապես երախտապարտ ենք ձեզ, սիրելի՛ վետերաններ:

Մասնագիտական տոնն իհարկե, ձեռքբերումները արժևորելու, խնդիրները գնահատելու առիթ ու հնարավորություն է, առանց որոնց հնարավոր չէ նոր հեռանկարներ ու ռազմավարական նպատակներ նախանշել: Մենք շարունակում ենք կատարել քրեական քաղաքականության շոգեքարշի դերը: Եվ այդ դերը հատկապես վերջին տարիներին ամուր խարսխել ենք պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների կենսագործման վրա:

Մենք ջանք չենք խնայել, որպեսզի իրավապահ մարմիններից հենց այդպիսի ակնկալիքներ ունեցող մեր քաղաքացին այսօր տեսնի, որ դատախազության համար չկան արտոնյալներ և հովանավորյալներ, յուրայիններ և օտարներ: Վերջին տարիներին, հատկապես կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց քանակը առավել քան կրկնապատկվել է. այդ անձանց կազմի նկարագիրը՝ ներառելով հավասարապես ինչպես նախկին, այնպես էլ ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետք է խորտակեն պատրանքները որևէ ապօրինի պաշտպանվածություն, ապահովագրություն կամ հովանավորվածություն ունենալու հնարավորության վերաբերյալ:

Հատկապես 2020 թ. աղետալի պատերազմից հետո այս ուղեգծից որևէ չնչին շեղում հավասարազոր է դավաճանության պետականության և այն իդեալների հանդեպ, հանուն որոնց ընկել են մեր եղբայրները: Սա է այսօրվա դատախազության հավատամքը: Հանրությունը մեզնից ակնկալել է ավելին՝ շատ հաճախ քննադատելով դանդաղելու մեջ: Այո՛, մեր աշխատանքն անթերի չի եղել, և նման պահանջներ ներկայացնելու լեգիտիմ իրավունք հանրությունը, իհարկե, միշտ ունի:

Միշտ հնարավոր է ավելին անել, բայց նաև պետք է լինենք անկեղծ: Մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղեգիծը, ինչը բացառում է իրավական արկածախնդրությունը: Մեր պետությունն իր առջև բացառապես իրավական ընթացակարգերով սոցիալական արդարության վերականգնման խնդիր է ձևակերպել: Իսկ իրավական ճանապարհը հիմնված է հավասարաչափ բոլորի իրավունքների ճանաչման, հարգման և պետության կողմից դրանց իրացման լիարժեք հնարավորությունների ստեղծման վրա:

Մեր ընտրած մրցակցային արդարադատության, մարդու իրավունքների գերակայության սկզբունքները նախանշած նպատակներին հասնելու առումով մեզնից որքան հետևողականություն ու համառություն, նույնքան էլ համբերություն են պահանջում:

Դատախազությունը, իրավապահ մյուս մարմինների հետ ուս ուսի տված, ձեռնամուխ է եղել դրան՝ որպես առաջնային նպատակ ունենալով նախադեպը չունեցող ծավալներով պետությանը հասցված վնասների բացահայտումն ու վերականգնումը: Եվ այն արդյունքները, որոնք արձանագրվում են հիմա, միայն հպարտության զգացում կարող են առաջացնել այդ աշխատանքը և դրա բարդությունները ներսից պատկերացնող ցանկացածի մոտ:

Դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկերներին, իրավապահ համակարգի մեր բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք մեզ հետ կանգնած են կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարի նույն խրամատում: Այս պայքարում մեր հիմնական գործիքներից մեկը դարձրել ենք պետական շահերի պաշտպանության՝ դատախազական գործառույթը:

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության շրջանակներում մեր կողմից կատարվող ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ոչ միայն բացահայտել խոշորածավալ կոռուպցիոն չարաշահումներ, այլ նաև կազմաքանդել սխեմատիկ բնույթ կրող, ավանդական կոռուպցիոն շղթաներ, վերափոխել իրավակարգավորումներ՝ այդպիսիք բացառելու նկատառումով:

Միայն դատախազական այս գործառույթի գործադրման արդյունքում՝ բացահայտված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը 2010 թվականից սկսած առաջին ու երկրորդ 6-ամյա ժամանակահատվածների համեմատական դիտարկմամբ ավելացել է մոտ 5 անգամ՝ կազմելով շուրջ 140 մլրդ դրամ: Հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ գործիքը, անշուշտ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատախազության նոր գործառույթն է, որի դեռ 2 տարին չբոլորած գործունեության արդյունքում, միայն դատարան ներկայացված մեկ տասնյակ հայցադիմումներով դրամական արտահայտությամբ բռնագանձման ենթակա ապօրինի ծագման գույքի ընդհանուր արժեքը գրեթե 50 մլրդ դրամ է կազմում»:

--00--ՏՏ