«Հետվիրահատական շրջանում եմ, չեմ կարող պատասխանել».ԲԴԽ-ն Ջհանգիրյանի հրաժարականի այլ պատճառ չի նշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

նկար

Գագիկ Ջհանգիրյանն իր դիմումի մեջ հրաժարականի պատճառները նշել է, դրանից ավել ոչինչ ասել չեմ կարող։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ուրբաթ օրը ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրաժարական է տվել ԲԴԽ անդամների խորհրդով ու հաշվի առնելով Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի ձայնագրությունը։

24News-ը կապ հաստատեց նաև Գագիկ Ջհանգիրյանի հետ: ԲԴԽ նախկին ղեկավարն ասաց. «Ես հիմա հետվիրահատական շրջանում եմ, ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել»։

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հուլիսի 1-ին Վարդազարյանի լիազորությունների դադարեցման որոշման հարցով բողոք է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ վիճարկելով ԲԴԽ-ի՝ հունիսի 16-ին կայացրած և հունիսի 23-ին հրապարակած որոշումը, որով Վարդազարյանը զրկվել է և՛ ԲԴԽ նախագահի, և՛ դատավորի լիազորություններից։ Բացի դրանից՝ Օրբելյանը բողոքի քննարկման շրջանակներում բացարկ է հայտնել ԲԴԽ երեք անդամներին՝ Գագիկ Ջհանգիրյանին, Գրիգոր Բեքմեզյանին, Դավիթ Խաչատուրյանին։

Անդրադառնալով բողոքի հարցին՝ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ բողոքը ստացել են ուրբաթ երեկոյան։

«Դեռ չենք ուսումնասիրել։ Կուսումնասիրենք, ըստ այդմ օրենքով նախատեսված կարգով ընթացք կտանք։ Հիմա իրավունք չունեն նախնական կարծիք հայտնել, այլապես ինձ կկաշկանդեմ բողոքի քննության ընթացքում։ Երբ որ կողքի քննությունը կիրականացվի, այդ դեպքում իրենց վերաբերմունքներն ԲԴԽ անդամները կհայտնեն», - եզրափակեց Գրիգոր Բեքմեզյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ իր և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցությունից ձայնագրություն էր հրապարակել։ Ձայնագրության մեջ Ջհանգիրյանը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից, քաղաքական հայտարարություններ է անում, համոզում հրաժարական տալ նախկինում զբաղեցրած պաշտոնից։

Հուլիսի 1-ին ԲԴԽ-ն հայտարարություն էր տարածել, որ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ