Ինչու է Վարդազարյանը ցանկանում, որ իր բողոքի քննությունը նախորդի ԲԴԽ նախագահի ընտրությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

քաղաքական

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին՝ հետաձգելու ԲԴԽ նախագահի ընտրությունը մինչև իր՝ ավելի վաղ ներկայացված բողոքի քննությունը։

Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը 24News-ին ասաց, որ այսօր ներկայացված միջնորդության էությունն այն է, որ բողոքի քննությունը նախորդի ԲԴԽ նախագահի ընտրությանը։

Օրբելյանը հուլիսի 1-ին Վարդազարյանի լիազորությունների դադարեցման որոշման հարցով բողոք էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ վիճարկելով ԲԴԽ-ի՝ հունիսի 16-ին կայացրած և հունիսի 23-ին հրապարակած որոշումը, որով Վարդազարյանը զրկվել էր և՛ ԲԴԽ նախագահի, և՛ դատավորի լիազորություններից։ Բացի այդ, Օրբելյանը բողոքի քննարկման շրջանակներում բացարկ է հայտնել ԲԴԽ երեք անդամների՝ Գագիկ Ջհանգիրյանին, Գրիգոր Բեքմեզյանին, Դավիթ Խաչատուրյանին։ Հուլիսի 3-ին ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը 24News-ին ասել էր, որ բողոքը ստացել են ուրբաթ երեկոյան։ 

«Ցանկանում ենք, որ կա՛մ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգվի, կա՛մ մինչեւ նախագահի ընտրության հարցին անդրադարձ կատարելը քննվի բողոքը», - ասաց Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքերով՝ եթե Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները վերականգնվեն, նոր նախագահի ընտրության կարիք չի լինի։ 

«Մեր քայլերի ամբողջ կոնտեքստը դա է։ Հուլիսի 27-ին՝ դատավորների ընդհանուր ժողովին, դատավորները ԲԴԽ նոր անդամ պետք է ընտրեն։ Մեր ասածը հետևյալն է՝ արդարադատությունը պետք է ժամանակին կայանա։ Չի կարելի արդարադատությունը թողնել, ակտուալությունն անցնի, մարդիկ գան-տեղավորվեն, հետո մենք խնդիրները լուծելու փոխարեն, մեկ այլ խնդիր ձևավորենք ու սկսենք հասկանալ այդ խնդիրն ինչպես լուծել։ Այսինքն՝ երբ որ մարդ ենք նշանակում, այդ նույն նշանակած մարդը՝ կահամարվի՞ ընտրված ԲԴԽ նախագահ, թե՞ ոչ, և դրանից բխող մի շարք հարցեր։ Դրա համար մենք դիմել ենք ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին, տարիքով ամենամեծին՝ Ս․ Միքայելյանին՝ խնդրելով որպես նախագահողի, հերթականությունը կազմակերպել այնպես, ինչպես որ բխում է արդարադատության շահից և արդար դատաքննության և արդյունավետության շահից», - եզրափակեց Արամ Օրբելյանը։

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանն ասաց, որ Վարդազարյանի ներկայացրած միջնորդության հարցով ԲԴԽ-ն նիստ է գումարել։ «Որոշում կկայացվի, կտեղեկացնենք», - ասաց Շաբոյանը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ