Էդուարդո Էռնեկյանը նման բան չէր ասել. Փաշինյանը խաբել է. մաս 45․ «Ժողովուրդ»

 

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 8, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդ տարվա՝ 2021-ի հենց այս օրերին այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կառավարության շենքում հանդիպել էր ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։

Ըստ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Էռնեկյանը, ողջունելով Փաշինյանին, ասել էր. «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետեւ դա շատ կարեւոր է, եւ մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»: Էռնեկյանի ասածից ստացվում էր, թե նա աջակցում էր Փաշինյանի ղեկավարած ուժին ու «սրտատրոփ» սպասում էր, թե երբ է «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ տանելու ընտրություններով: Բայց բարեբախտաբար կամ միամտորեն կառավարության լրատվական ծառայությունը նաեւ հանդիպման տեսագրությունն էր տեղադրել, ինչից էլ պարզ էր դարձել, որ իսպաներենի թարգմանչունին սխալ է փոխանցել Էռնեկյանի խոսքը:

Գործադիրը, ըստ երեւույթին, շոյվելով ոգեւորիչ խոսքերից, չի ջանացել այն ճշտել ու շտկել այն: «Դա նշանակալի փաստ է պատմական առումով, եւ ես կարող եմ միայն իմ աջակցությունը հայտնել արդեն կայացած որոշման առիթով: Եվ ինչպես նշել ենք ի սկզբանե, մենք Հայաստանի տնտեսության ինտեգրատիվ մասն ենք կազմում եւ պատրաստ ենք ամբողջությամբ համագործակցել երկրի հետ»,- իրականում ասել էր ՀՀ ազգային հերոսը: Ասել է թե՝ նա փոխանցել էր, որ անկախ նրանից՝ ով է իշխանության ղեկին, իրենք շարունակելու են ամբողջությամբ աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ստացվում է՝ հայտարարելով, թե Էռնեկյանը աջակցում է իշխանությանը՝ հերթական անգամ ստել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ