Ֆրանսիան ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը և վերահաստատել իր աջակցությունը ուղիղ շփումներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

նկար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հանդիպմանը, փոխանցում է Արմենպրես»-ը։

«Ֆրանսիան ողջունում է այս հանդիպումը, քանի որ մենք վճռական ենք՝ խթանելու Հարավային Կովկասում տևական խաղաղությունը: Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակմանը, որպեսզի այդ երկրները բարենպաստ միջավայր ստեղծեն հարաբերությունների կարգավորման համար»,- հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Հուլիսի 16-ին Թբիլիսիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել էին նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

Նախարար Միրզոյանը վերահաստատել էր հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։Նա շեշտել էր հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։ Արձանագրվել էր շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:

--00—ԼՄ