Իրանը Անկարայից և Բաքվից վտանգ է սպասում՝ ուղղված ՀՀ հարավին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

քաղաքական

Տարածաշրջանում վերջերս տեսանելի են բարդ զարգացումներ։ Աշխարհի կարեւոր կետերը՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, փորձում են տարածաշրջանում շահերն իրենց քաղաքականությանը համապատասխանեցնել։ Տարածաշրջանի ազդեցիկ պետություններն անմասն չեն մնում զարգացումներից, բնականաբար խոսքը Թուրքիայի և Իրանի մասին է։ Այս մասին 24News-ին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Երեկ Իրան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռակողմ գագաթնաժողովի համար, որի օրակարգում են Ուկրաինայի և Սիրիայի հարցերը։ 

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքերով՝ այդ հանդիպումների օրակարգը և հանդիպումների ժամանակ քննարկված թեմաները Հայաստանի իշխանությունները պարտավոր են ուսումնասիրել և հետևություններ անել, մեծ ուշադրության են արժանի ԱՄՆ-ի և ՌԴ հետախուզությունների ղեկավարների այցելությունները տարածաշրջան, Իրանի վերջին հայտարարությունը միջուկային զենքի հետ կապված։

Երեկ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին գոհունակություն էր հայտնել «Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու կապակցությամբ»։ Անդրադառնալով Իրան- Հայաստան սահմանին՝ Խամենեին ասել էր, որ եթե «Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իսլամական հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այն հազարամյակների հաղորդակցության ուղի է»:

Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ Իրանը ևս Թուրքիայի և Ադրբեջանի կողմից զգում է պոտենցիալ վտանգ Հայաստանի հարավային մասի համար, և դրան էլ ուղղված էր Խամենեիի զգուշացումը։ 

Հարցին՝ ինչո՞ւ հենց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Խամենեին անդրադարձավ Իրան-Հայաստան սահմանի թեմային, թուրքագետը պատասխանեց, որ գլխավոր գործոնը, վտանգը Թուրքիան է, ոչ թե Ադրբեջանը։ «Միգուցե Ադրբեջանի նախագահի հետ խոսելիս էլ դա ասի, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա բանակցություններում Թուրքիան կարևորագույն դիրք է զբաղեցնում և իր պահանջները, նկրտումները, բնականաբար ռազմական պոտենցիալն ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանինը։ Վերջին շրջանում Թուրքիան ճնշում է գործադրում Հայաստանի վրա Արցախի հարցում գնալ զիջումների, այդ թվում՝ իր պաշտոնյաների (Էդրողան, Չավուշօղլու) շուրթերով շեշտում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը», - եզրափակեց թուրքագետը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ