Մոսկվան ձգտելու է առավելագույնին և՛ Իրանի, և՛ Թուրքիայի դեպքում. վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

քաղաքական

Ռուսաստանը, Արևմուտքի հետ լինելով դիմակայության մեջ, փորձում է այլ ուղղություններով ապահովել իր համար քաղաքական և տնտեսական խաղի հնարավորություն, և Թուրքիան ու Իրանը բնականաբար դիտարկվում են այդ համատեքստում։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Երեկ Իրան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռակողմ գագաթնաժողովի համար, որի օրակարգում են Ուկրաինայի և Սիրիայի հարցերն։ 

ՌԴ նախագահի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՌԴ ղեկավարի և Թուրքիայի նախագահի հանդիպմանը Պուտինը կարևորել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խնդիրը։ «Հարաբերությունները զարգանում են՝ անկախ ամեն ինչից։ Առևտրաշրջանառությունն աճում է, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով», - ի թիվս այլնի ասել է Վ. Պուտինը։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման վերաբերյալ ՌԴ նախագահը լրագրողներին ասել էր, որ առաջին հերթին քննարկվել են տնտեսական հարցեր։ «Մեզ մոտ, գիտեք, Ռուսաստանի կառավարության փոխվարչապետներից մեկի ղեկավարությամբ ունենք խումբ, որը զբաղվում է Անդրկովկասում հարաբերությունների կառուցմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքային հարցեր լուծելով՝ սա Ադրբեջանն է, Հայաստանը, Ռուսաստանը։ Ահա, այդ՝ իրանական ուղղությամբ շատ բան կարելի է անել», - նշել էր ՌԴ ղեկավարը։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանի խոսքերով՝ հասկանալի է, որ և՛ մերձավորարևելյան, և՛ հարավկովկասյան ռեգիոնի ուղղությամբ Թուրքիան և Իրանը, լինելով առանցքային խաղացողներ, ՌԴ-ի համար դիտվում են գործընկերներ եղած հարցերը քննարկելու առումով։ «Եվ բնական է, որ այդ հարցերի շրջանակում հայտնվում է հայ-ադրբեջանական խնդիրը, արցախյան  հարցը»։

Հարցին՝ Ռուսաստանն ավելի շատ կփորձի մերձենալ Իրանի՞, թե՞ Թուրքիայի հետ, հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները և Արեմուտքի հետ հակամարտությունը, Բադալյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ խնդիր՝ «Թուրքիա՞, թե՞ Իրան, ավելի շատ Թուրքիա՞, թե՞ Իրան», Ռուսաստանն իր առջեւ չի դրել. առանցքային նշանակություն ունեն թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը։ Եվ այստեղ տարբերակված քաղաքականություն է վարվելու տարբեր մոտեցումների իմաստով»։ 

«Մոսկվան ձգտելու է առավելագույնին երկուսի դեպքում էլ։ Եվ այս տեսանկյունից ի՞նչ կստացվի, ի՞նչ կլինի այդ առավելագույնը, իհարկե քնարկման հարց է։ Բայց այն, որ 2 ուղղությամբ ՌԴ-ն ձգտելու է առավելագույնին և 2 ուղղություններն էլ Ռուսաստանի համար հատկապես այսօր՝ Արևմուտքի հետ դիմակայության ֆոնին, չափազանց կարևոր են դարձել, իհարկե անկասկած է», - եզրափակեց վերլուծաբանը։

Սերգեյ Առաքելյան



--00--ՏՏ