Դավոսում Փաշինյանը ԼՂ հարցով ինչ-ինչ թեզերի շուրջ համաձայնության է եկել. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Նիկոլ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել  է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը մանրամասներ է ներկայացրել հունվարին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Դավոսում Փաշինյանը արցախյան հակամարտության շուրջ առկա ինչ–ինչ թեզերի շուրջ ոչ արմատական, բայց որոշ համաձայնությունների է եկել, որոնց մասին ՄԽ համանախագահները տեղյակ են պահվել հանդիպումից անմիջապես հետո, սակայն, արարողակարգի համաձայն, տարածաշրջանային այցի ընթացքում դրա մասին արդեն խոսվում է պաշտոնական հաղորդագրությամբ:

Թերթի աղբյուրը վստահեցնում է, որ այդ համաձայնությունների հետ կապված համանախագահները լուրջ ոգևորվածության մեջ են: Բանն այն է, որ համանախագահներին ուրախացնում է այն փաստը, որ հեղափոխությունից հետո բանակցությունների՝ որոշակիորեն արգելակված գործընթացը սոսկ ճանաչողականից մտնում է «կառուցողական հուն»: Նաև դրանով էր պայմանավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, քանզի արդեն վերլուծություններ էին կատարվում, որ նրանք ստվերվում են «ոչ պաշտոնական» և «ինքնուրույն» բանակցությունների ֆոնին:

Ի դեպ, կառավարամերձ մեր աղբյուրները պնդում են, որ վարչապետ Փաշինյանն իր թիմակիցներին «սաստել» է Արցախի հիմնահարցով մի շարք հարցազրույցների համար և կոչ է արել այս թեմայով որևէ հրապարակային մեկնաբանություն չանել առանց իր հետ համաձայնեցնելու՝ «բլթոցներից» խուսափելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: