Ինքնասպանություն գործելիս բռնաբարության մեղադրանքով կալանավորվածը խցում մենակ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Արտակ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 21-ին ինքնասպանություն գործած կալանավորը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել։ Այդ մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ պատգամավորներին տեղեկացրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Անձը, որը ինքնասպանություն է գործել, եղել է կարանտինի մեջ, առանձին խցում նույն հոդվածով մեղադրվող մեկ այլ անձի հետ։ Հոգեբանները աշխատելիս են եղել նրա հետ, մինչև վերադարձել են, մյուսը արդեն անշնչացած է եղել։ Այդպիսի դեպքեր լինում են, անցած տարի էլ էր եղել։ Իհարկե, ցավալի է», - հայտարարել է Զեյնալյանը։

Նույն հոդվածով, այսինքն՝ անչափահասին բռնաբարելու համար մեղադրվող երկու անձին միևնույն խցում պահելը նախարարի խոսքով, ի սկզբանե կանխարգելիչ բնույթ է ունեցել։ «Երկուսն էլ նույն տիպի հանցագործության մեջ մեղադրվող անձինք էին, որպեսզի մեկը մյուսի վրա ճնշում չգործադրի։ Գիտեք՝ հետապնդվում են նման մեղադրանքով անձինք։ Կանխատեսվել է դա՝ կանխարգելելու նպատակով», - ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում հայտնաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող (տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ բռնաբարություն), 154-ամյա Մ. Պետրոսյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում: