2 ցմահ դատապարտյալներ 10 օր է՝ հացադուլ են անում․ ընթացքը հսկում են բժիշկները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

բանտ

Փետրվարի 12–ից անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանը և Արամ Խաչիկյանը դեռ չեն դադարեցրել հացադուլը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ տեղեկացնելով, որ դատապարտյալները բժշկական հսկողության ներքո են։Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար։  

Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ 10 օրերի ընթացքում ցմահ դատապարտյալներին տեսակցել են ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը։ Այդուհանդերձ, նրանք չեն դադարեցրել հացադուլը՝ շարունակելով պնդել իրենց պահանջը։

Ավելի վաղ 24News-ի հետ զրույցում արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ հերթական այցի ընթացքում նախարար Զեյնալյանը կհանդիպի նաև ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը փետրվարի 12-ից հացադուլ է հայտարարել և ցանկանում է հանդիպել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Տեր–Սահակյանի հետ փետրվարի 12-ից անժամկետ հացադուլ է հայտարարել նաև ցմահ դատապարտյալ Արամ Խաչիկյանը։ Նա պահանջում է վերաբացել իր քրեական գործը։