Աննախադեպ ճնշման եմ ենթարկվում՝ հացադուլը դադարեցնելու պնդումով․ կինոռեժիսորը չի նահանջի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

հացադուլ

Այս օրերին հարազատների, մտերիմների, անծանոթների, անգամ հակառակորդների կողմից աննախադեպ ճնշման եմ ենթարկվում՝ հացադուլը դադարեցնելու պնդումնեով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ վստահեցնելով, որ չի դադարի հացադուլի մինչեւ չհավաքի անհրաժեշտ ֆինանսավորումը «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման համար։

«Դիմակայելն ավելի անտանելի է դառնում, քան քաղցը կամ հյուծվածությունը։ Մեկ և վերջին անգամ հիշեցնում եմ՝ կա հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ․

Ա․ Իշխանությունն ընդունում է իմ ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու անօրինականության փաստը և վերաստանձնում է ֆիլմի հանդեպ պետական կառույցի պարտավորության կատարումը։ Կամ՝

Բ․ Հասարակական աջակցության միջոցով հավաքագրվում ֆիլմի մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված աշխատանքների անհրաժեշտ գումարը»,–նշել է նա։

Կինոռեժիսորը խնդրել է այլևս իրեն չհորդորել դադարեցնելու հացադուլը։ 

«Մտահոգ բոլոր մարդկանց առաջարկում եմ ուղղակի աջակցել ֆիլմին նշված հաշվեհամարներով։ Սա պայքար է օրենքից դուրս գտնվող կինոյի պետական կառույցի և  կինոռեժիսորի միջև։ Կառույց, որի գործած անօրինականությունների կծիկը օր օրի քանդվում է։ Սա պատերազմ է, իսկ պատերազմի դաշտը լքողներին անվանում են դասալիքներ»,–նշել է նա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարին հայտարարել էր, որ կրկին դիմում է հացադուլի։ Սա կինոռեժիսորի երկրորդ հացադուլն է։ Առաջին հացադուլը դեկտեմբերի 2-ից 12-ն էր։ Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպելուց և երաշխիքներ ստանալուց հետո կինոռեժիսորը դադարեցրել էր հացադուլը, սակայն խնդիրը չէր լուծվել։

Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են դեռ 2015-ին, և Հովհաննես Գալստյանն Ազգային կինոկենտրոնի հետ պայմանագիր է կնքել, որ վերջինս 2016-2018 թթ․ կհատկացնի ֆիլմի բյուջեի 30%-ը՝ 88 մլն դրամ, սակայն 2018 թվականին կինոկենտրոնը մերժել է ֆինանսավորման հայտը, իսկ ֆիլմի նկարահանման աշխատանքները կասեցվել են։ Նկարահանվել է միայն 40 րոպե։

Հայ–գերմանա–բուլղարական համատեղ նախագծի ֆինանսավորման մյուս մասը տրամադրում են բուլղարական և գերմանական ընկերությունները։