Սփյուռքի կարծիքը ներկայացնող մարմինը պետք է ձևավորվի ընտրություններով․ Կիրո Մանոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Կիրո

Եթե Սփյուռքի կարծիքը ներկայացնող մարմին պետք է լինի, ապա այն պետք է ձևավորվի ընտրություններով: «Հայաստան-Սփյուռք․ հարաբերությունների փոփոխություն, աշխատանքային նոր ձևաչափ» թեմայով քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ըստ Մանոյանի՝ ճիշտ չէ, որ կառավարությունը նախաձեռնի սփյուռքը ներկայացնող ինչ-որ կառույցի ձևավորումը, որովհետև կստացվի, որ երրորդ պետությունների կողմից սփյուռքը կընկալվի որպես 5-րդ շարասյուն, մինչդեռ պետք է, որ սփյուռքը նախաձեռնի նման կառույցի ստեղծում, իսկ պետությունն օգնի այդ հարցում:

«Վարչապետը ներկայացրեց, որ պետք է լինի մմեկ կառույց, որի հետ խորհրդակցելուց հետո համարենք, որ լսել ենք Սփյուռքի տեսակետը այս կամ այն հարցի մասին: Ես վստահ չեմ, որ այդպիսի կառույց հաստատելը շատ արագ ու հեշտ գործ է: Մենք առաջարկել ենք 2014-ից սկսած Հայոց ցեղասպանության 100-րդե տարելիցի հանձնաժողովը վերածել համազգային խորհրդի: Դա բավական ձգձգվեց, որովհետեւ տարբեր պատկերացումներ կային, թե ինչպես դա պետք է տեղի ունենա, ովքեր պետք է ընդգրկվեն: Մեր առաջարկն այն էր, որ եթե Սփյուռքի կարծիքը ներկայացնող մարմին պետք է լինի, ապա այն պետք է ձեւավորվի համամասնական ընտրություններով՝ ամբողջ Սփյուռքի տարածքում»,-ասել է Մանոյանը՝ հավելելով, որ այդ կառույցը այդ դեպքում կունենա հեղինակություն:

Մյուս մոտեցումը, որ կա կառավարության ծրագրում, ըստ Մանոյանի, հորիզոնական ցանցերի ստեղծումն է, որն ինքնին դրական երևույթ է:

«Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ այդպիսի կառույցներ ձևավորվեն՝ մասնագիտական հիմունքներով: Բայց միշտ էլ հարց է՝ ինչպես պետք է այդ կառույցները աշխատեն, եթե պաշտոնական Երևանն է որոշում, մյուսներն էլ պետք է ենթարկվեն»: