Ռազմաքաղաքական միջավայրը թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 22-ին, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ և գտնել հնարավորություններ, որ ոլորտի ֆինանսավորումը էական մեծանա։

Ռազմաարդյունաբերության զարգացման համար, ըստ վարչապետի, պետք է գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի հստակ աշխատող մեխանիզմ ունենա։

«Այս համատեքստում ենք դիտարկում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որ մենք կարողանանք ոլորտում հասնել լուրջ փոփոխությունների։ Կարևոր է հատկապես գիտական պոտենցիալի հետ համագործակցությունը», - հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նկատել է, որ այսօր կան կարողություններ, բայց դրանց ծավալը գոհացուցիչ չէ։

«Էն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել, որովհետև այդ տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այն ռեսուրսները, որոնք մենք ունենք։ Պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին։ Այո, մենք պետք է գնանք ոչ պոպուլյար, կամային լուծումների, որ համոզվենք, որ մեր պետական համակարգում պարապ օղակ չկա», - նշել է Փաշինյանը։