ՀՀ-ի եւ Եգիպտոսի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

․

Երեւանում այսօր՝ հուլիսի 29-ին, կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ:

Արտաքին գործերի նախարարության լրատվական բաժնից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, եգիպտականը՝ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Իհաբ Նասրը։

Կողմերն արձանագրեցին Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ առկա հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված հայ եւ եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային եւ քաղաքակրթական կապերի եւ բարեկամության վրա։

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք ոլորտներում հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակին եւ դրանց առավել ընդլայնման եւ ամրապնդման համար անհրաժեշտ քայլերին։ Կողմերը շեշտեցին Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման ուղղությամբ համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Անդրադարձ կատարվեց Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերին։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում՝ հայկական կողմն ընդգծեց հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաեւ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Խորհրդակցությունների ավարտին եգիպտական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարեւորեց Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում շփումները եւ փոխադարձ այցերը, որոնք նպաստում են բազմաոլորտ երկկողմ համագործակցության ընդլայնմանը եւ խորացմանը

--00--ԱՀ