ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Չարլզ

ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի: Այս մասին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի քաղաքականության աջակցության ծառայության տնօրենի տեղակալ,  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան (2008-2012 թթ.) Չարլզ Լոնսդեյլը, հայտնում է «Արմենպրեսը»:

«Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումներին՝ վերջին շրջանում նաև դրական դինամիկայի հույսով, որը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Իլհամ Ալիևի պարբերական դարձած ոչ պաշտոնական հանդիպումներով»,- ասել է Լոնսդեյլը:

Ընդգծելով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու՝ կողմերի հանձնառությունը՝ նա աջակցության պատրաստակամություն է հայտնել, եթե կողմերը դրանում հետաքրքրված են:

«Բայց մենք ուղղակիորեն ներգրավված չենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում»,- նշել է ծառայության տնօրենի տեղակալը: