Բենզինը թանկացավ. 10 դրամ՝ 1 լիտրի հաշվով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Բենզինը թանկացավ. 10 դրամ՝ 1 լիտրի հաշվով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի փոփոխություն. 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ,թանկացումը կազմել է  10 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏՄՊՊՀ  նախագահի խորհրդական Գայանե Սահակյանին:

Դեռևս տարեսկզբից բենզինի շուկայում արձանագրվել էր գնային փոփոխություն՝ նվազման ուղղությամբ: Գնի շարունակական նվազումը կազմել էր  50 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Վերոնշյալ փոփոխությունների պատճառը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը դեռևս հունվարից լայնածավալ ուսումնասիրություն է սկսել այս շուկայում, որը դեռևս ընթացքի մեջ է: Այն ներառում է ներմուծումից մինչև իրացում գնագոյացման ողջ շղթան, ինչպես նաև շուկայի կառուցվածքի ուսումնասիրությունը: Երեկ արձանագրված գնային բարձրացումը ևս կներառվի և կդիտարկվի ընթացիկ ուսումնասիրության շրջանակում:  

«Նշենք, որ Հանձնաժողովը մշտապես վերահսկողություն է իրականացնում այս շուկայում, ինչը պայմանավորված է խոշոր տնտեսվարողների առկայությամբ: Բենզինի ներկրման և իրացման ոլորտում խոշոր ընկերություններ են հանդիսանում «Ֆլեշ» և «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունները: Հանձնաժողովը շարունակում է հետևել վերջիններիս գործունեությանը և մրցակցային հնարավոր խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»,- ասել է Գայանե Սահակյանը:

Նա նշել է, որ բենզինի շուկայի ամբողջական ուսումնասիրության ավարտին արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը։