Վրաստանի խորհրդարանը մերժեց «Սաակաշվիլիի-Բոկերիա ռեժիմը հանցավոր անվանելու մասին» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Սաակ

Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի լիագումար նիստի ժամանակ կողմ չի քվեարկել ընդդիմադիրների կողմից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր հռչակելուն ուղղված նախագծին: Այդ մասին տեղեկացնում է օրենսդիր մարմինը:

Ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից պատրաստված բանաձևի նախագիծը կոչվում է «Սաակաշվիլիի-Բոկերիա ռեժիմը հանցավոր անվանելու մասին»: Գիգա Բոկերիան Սաակաշվիլիի նախկին դաշնակիցն էր: Նրանք «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներն էին, 2016-ին տարաձայնությունների պատճառով Բոկերիան իր համախոհների հետ առանձնացավ՝ ստեղծելով «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:

Բանաձևի նպատակն է ճանաչել «քրեական և ավտորիտար» այն ռեժիմը, որ հաստատված է եղել Վրաստանում «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավարման տարիներին, արդարադատության վերականգնումը, հանցագործությունների քննությունը և մեղավորներին պատժելը:

Նախագծի համաձայն` դատախազությանը հանձնարարվելու էր մինչև 6 ամսվա ընթացքում ավարտին հասցնել բոլոր քրեական գործերը՝ հարուցված նախկին կառավարության ղեկավարների դեմ:

Նախագծի օգտին քվեարկել է 45 պատգամավոր, 16-ը դեմ են եղել: Խորհրդարանում 150 պատգամավոր կա:

«Մենք ողջունում ենք բանաձևի բովանդակությունը, ինչպես նաև այն կարծիքը, որ 2004-2012 թթ. ռեժիմը հանցագործ է: Այնուամենայնիվ, բանաձևի իրավական մասի հետ կապված մենք ունենք նկատառումներ: Եթե այդ հատվածը վերանայվի, մենք կվերանայենք նման բանաձևն ընդունելու մեր որոշումը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013-ին: Նրա նկատմամբ հայրենիքում մի շարք քրեական գործեր են հարուցվել, իսկ դրանցից մի քանիսով նրան ազատազրկում է սպառնում:

Սաակաշվիլիի նկատմամբ նաև ներքին հետախուզում է հայտարարվել:

Վրացական իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Սաակաշվիլին սահմանը հատելու դեպքում կձերբակալվի: