Ինձ լավ չեք ճանաչում․ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է օրհներգը փոխելու մասին քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 22, 24News

Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ծավալվող քննարկումներին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է.

«Լսե´ք, հերի´ք է օրհներգ քննարկեք, բավակա´ն է։

Եթե այդ թեման այդքան անհետաքրքիր է, այդքան անկարևոր է, ապա ինչո՞ւ եք չեղած բանի վերաբերյալ այսքան խոսում, խոսում, խոսում․․․ Ինձ եք ասում՝ կարևոր գործ չկա՞։ Ես ամեն օր առավոտյան ժամը 9-ից աշխատում եմ, դուք հա գրում, գրում, գրում եք այդ «անկարևոր» թեմայի մասին, որը ոչ օրենսդրական նախաձեռնություն է, ոչ դրա միտումն ունի։ Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ այս վայրահաչոցները բան են փոխելու, ձեզ թերագնահատում եք, ինձ լավ չեք ճանաչում։

Մենակ էլ մնամ՝ իմ սկզբունքներին չեմ դավաճանելու, մենակ էլ մնան, եթե մարդուն հույս եմ տվել, ապա այն գետնով չեմ տալու։ Հարյուրավոր մարդիկ են ինձ դիմում, չեմ խաբելու։ Ավետիք Իշխանյանին զայրացնում է, որ Ա․Խաչատրյանի երաժշտության մեջ եկեղեցական շարական կա, ինձ փորձում է ծաղրել, դե պարզ է, անհավատ մարդ է։

… Բա որ էն Հայաստանը նկարով տեսած և հայերեն տառերը չիմացողներն են սկսում ինձ հետ հայրենասիրությունից խոսել, էն նույն մարդիկ, որ եթե նույնիսկ Հայաստան են գալիս՝ իրենց տղաների համար հայկական անձնագիր չեն վերցնում, որ հանկարծ բանակ չտանեն»,- մասնավորապես գրել է Սիմոնյանը։

Մանրամասները` Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանն ստեղծել է աշխատանքային խումբ, որն օրհներգի վերաբերյալ մրցույթ կհայտարարի: Նա տեղեկացրել էր, որ մրցույթը տևելու է 2 ամիս, ավարտվելու է ապրիլի 30-ին: