Պուտինը արհամարհում է Պորոշենկոյին, չի պատասխանում նրա զանգերին․ Fox News

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Պուտին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկյան Fox News հեռուստաալիքին պատմել է, որ 2018-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո զանգահարել է ՌԴ նախագահին, սակայն Պուտինինն իր զանգին չի պատասխանել:

«Նրան զանգահարելու վերջին փորձն իմ նավերի դեմ ագրեսիայի օրն էր: Ես ուզում էի հարցնել՝ ինչ է կատարվում, սակայն նա չպատասխանեց: Որովհետև ասելու բան չուներ», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Պուտինը հայտնել էր, որ արհամարհում է Պորոշենկոյի զանգերը: Իր քայլը նա պատճառաբանել էր նրանով, որ չի ցանկանում մասնակիցը դառնալ Պորոշենկոյի նախընտրական քարոզարշավի:

Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերի 25-ի Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերը խախտել էին ռուսական ջրային սահմանը: Ուկրաինական 3 նավ ուղղություն էր վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը, ռուսական սահմանապահ նավը վնասել էր ուկրաինական քարշակը։  

Ըստ Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող: