Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կրկին կվերանորոգվի․ նախաձեռնողը թուրքական կողմն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

եկեղեցի

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որը լուրջ վնասներ էր կրել 2015 թվականին քաղաքի պատմական Սուր թաղամասում թուրք-քրդական բախումների հետևանքով, մարտին պետական միջոցներով կվերակառուցվի։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Իսկ Սուրբ Կիրակոսի վերակառուցման նախագիծը նախատեսվում է սկսել արդեն եկող ամիս:

Որոշումը կայացվել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության՝ Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությանն ուղղված պահանջի հիման վրա: Ըստ 2 պետական մարմինների միջև ստորագրված արձանագրության՝ եկեղեցու նորոգման աշխատանքները կֆինանսավորի նախարարությունը:

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության տարածքային մասնաճյուղի ղեկավար Մեթին Էվսենը հայտնել է, որ այժմ ընթանում են Դիարբեքիրում գտնվող հայկական մեկ այլ՝ կաթոլիկ եկեղեցու նորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ:

Նույն արձանագրությամբ որոշվել է վերանորոգել նաև քելդանի համայնքին պատկանող եկեղեցիներից մեկը:

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում հայկական ամենամեծ եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը 2011-ին տարբեր երկրներում հայկական սփյուռքի նվիրատվությունների շնորհիվ (շուրջ 700 000 դոլար է հավաքվել) վերականգնել են և վերաբացել ծխականների համար: