Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով 3 մահացածների և 4 վիրավորների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

ՔԿ-ում հարուցված քրգործի շրջանակում պարզվել է օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է՝ ռուսական համարանիշով «Ֆրիգիտլիներ» մակնիշի բեռնատարը, որի վրա եղել է կցորդիչ, վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 38-ամյա Արթուր Ջաբիևը, իսկ Opel-ը վարել է Արթիկ քաղաքի բնակիչ, 59-ամյա Աշոտ Քոչարյանը։ 

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Քոչարյանը, նրա ուղևորները՝ Արթիկ քաղաքի բնակիչներ, 74-ամյա Սամվել Հաջաթյանն ու 69-ամյա Անիչկա Հաջաթյանը տեղում մահացել են, իսկ ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Մաթևոսյանը, Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արմենուհի Բաղդասարյանը և բեռնատարի վարորդ Ա. Ջաբիևը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» ԲԿ։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր՝ օգոստոսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 08։30-ի սահմանում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել էին Opel-ն և ռուսական համարանիշներով բեռնատարը։ 

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աշտարակ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Մահացածներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և 200 մետրից ավելի հայտնվել 3 բնակիչների սեփական տան այգիներում։ 

--00--ԼՄ

Տեսանյութեր