Մենք պետք է դուրս գանք «խաբելու», «գցելու» տրամաբանությունից․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

«Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում իսկապես նոր գործարար հնարավորություններ կան, և մնում է աջակցել նրանց:

«ՀՀ-ում մինչև հիմա գործընկերային նախագծերը ձախողվել են, բայց այստեղ մենք տասնյակ նախագծեր տեսանք, որոնք գործընկերային տրամաբանության մեջ կլինեն շատ հաջողակ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում հաճախ է ասվել, որ գործընկերային նախագծերն ավարտվում են իրար խաբելով, «գցելով», սակայն նոր Հայաստանում արդեն ամեն գործընկեր պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր մյուս գործընկերոջը:

«Բոլորս պետք է ջանք գործադրենք, որ նոր ՀՀ-ում նոր տրամաբանություն աշխատի»,- ասել է նա:

Վարչապետը հույս է հայտնել, որ համաժողովի ժամանակ առաջարկված ներդրումային ծրագրերի շրջանակում նոր մարդիկ կհայտնվեն, իրար նկատմամբ վստահությունը կբարձրանա, ինչպես բարձր է վստահությունը ՀՀ ժողովրդի և կառավարության նկատմամբ։ Պեըք է նաև դուրս գալ «խաբելու», «գցելու» տրամաբանությունից։