Արդյոք կվերականգնվե՞ն կենսաթոշակային ֆոնդերում քաղաքացու խնայողությունների կորուստները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

1090206.jpg

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակային հաշվի բացասական եկամտաբերության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: Քաղաքացիներից շատերը վերջին օրերին ստացել են հաղորդագրություն կուտակային կենսաթոշակային հաշվի բացասական եկամտաբերության կամ ավելի պարզ նվազման մասին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ներկայացնում են պատճառները, թե ինչու են նվազել խնայողությունները:

Առաջինը՝ աշխարհում բարձր գնաճով պայմանավորված շատ երկրներ բարձրացրել են տոկոսադրույքները, ինչը բացասաբար է ազդել նաև պարտատոմսերի գների վրա և քանի որ խնայողությունները ներդրված են նաև տարբեր պարտատոմսերում, վերջիններիս արժեքի նվազումը ևս հանգեցրել է դրամական արտահայտությամբ ֆոնդերի նվազմանը: Տնտեսական հեռանկարների անորոշությունները, ընդհանուր առմամբ, բացասաբար են ազդել նաև բաժնետոմսերի գների վրա, որոնցում նույնպես ներդրումներ են իրականացնում ֆոնդերը:

Երկրորդը՝ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների շուրջ 70 տոկոսը ներդրված է Հայաստանում, որի մի մասը պետական և մասնավոր ընկերությունների թողարկած պարտատոմսեր են: Շուկայում տոկոսադրույքների աճով պայմանավորված որոշակիորեն նվազել է նաև հայաստանյան պարտատոմսերի արժեքը, ինչը նույնպես հանգեցրել է ֆոնդերի եկամտաբերության նվազմանը:

Երրորդը՝ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մի մասը դիվերսիֆիկացիայի նպատակով կառավարիչների կողմից ներդրվում է արտարժույթով՝ դոլարով, եվրոյով և այլն, ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում, սակայն քանի որ Հայաստանի Հանրապետության դրամը արժևորվել է այդ արտարժույթների նկատմամբ, ապա ֆոնդերի արտարժույթային ակտիվների արժեքը դրամային արտահայտությամբ նվազել է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նշում են, որ 2014 թվականից սկսած այսպիսի տատանումներ մի քանի անգամ եղել են, սակայն դրանց միշտ հաջորդել են աճի երկար ժամանակահատվածներ:

Այժմ ֆոնդերը ներդրում են կատարում ավելի նպաստավոր պայմաններով՝ ակտիվները ձեռք են բերում ցածր գնով կամ ներդնում են բարձր տոկոսով: Հետևաբար, շուկայում իրավիճակի վերականգնման դեպքում կապահովեն ավելի բարձր եկամտաբերություն: Ընդ որում, արդեն հուլիս ամսով արձանագրվում է ֆոնդերի եկամտաբերության որոշակի աճ:

--00--ԶՀ