Ալեն Սիմոնյանը ոչ ավել, ոչ պակաս՝ ձգտում է անմահության

Alen Simonyan

Իհարկե,  լավ բան է սկզբունքային ու հետևողական լինելը, սակայն երբ քո սկզբունքայնությունը հասնում է անհանդուրժողականության, հատկապես երբ խոսքը գնում է պետական խորհրդանիշերի մասին, ապա այդ դրական հատկությունը վերափոխվում է բացասականի:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի համար Հայաստանի հիմնը փոխելը դարձել է ինքնանպատակ,  ու մարդը «խլացել» է ցանկացած հակափաստարկի նկատմամբ:

Օրերս ԱԺ փոխնախագահը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Լսե´ք, հերի´ք է օրհներգ քննարկեք, բավակա´ն է։

Եթե այդ թեման այդքան անհետաքրքիր է, այդքան անկարևոր է, ապա ինչո՞ւ եք չեղած բանի վերաբերյալ այսքան խոսում, խոսում, խոսում․․․ Ինձ եք ասում՝ կարևոր գործ չկա՞։ Ես ամեն օր առավոտյան ժամը 9-ից աշխատում եմ, դուք հա գրում, գրում, գրում եք այդ «անկարևոր» թեմայի մասին, որը ոչ օրենսդրական նախաձեռնություն է, ոչ դրա միտումն ունի։ Թե՞ ինչ-որ մեկին թվում է, որ այս վայրահաչոցները բան են փոխելու, ձեզ թերագնահատում եք, ինձ լավ չեք ճանաչում։

Մարդը բոլորին կոչ է անում դադարել օրհներգը քննարկելուց, որովհետև եթե ինքը նպատակ է դրել օրհներգը փոխել, ուրեմն` կփոխի: Ալեն Սիմոնյանը ընկել է Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգի հետևյալ քառյակի օրը.

Но я лучше выпью зелье с отравою,
Я над собой что-нибудь сделаю -
Но свою неправую правую
Я не сменю на правую левую

Մի կողմ թողնենք օրհներգը փոխելու նպատակահարմարությունը: Օրինակ, իմ կարծիքով օրհներգը չարժե փոխել, որովհետև պետության խորհրդանիշները ենթակա չեն սուբյեկտիվ մոտեցումների ու ճաշակների: Սակայն ես այնքան անհանդուրժող չեմ, որ պատրաստ չլինեմ այլ կարծիքներ լսելուն ու առավել ևս համոզիչ լինելու դեպքում, չնդունեմ ընդդիմախոսիս փաստարկների ճշմարտացիությունը:

Սակայն Ալեն Սիմոնյանն ավելի հեռու է գնում, քան միայն օրհներգ փոխելն է: Ոչ ավել, ոչ պակաս, ԱԺ փոխնախագահը ձգտում է անմահության:

Օրինակ, Ֆիրդուսին դեռևս կենդանության օրոք գիտակցում էր իր անմահությունը և չէր սխալվում: Շահնամեն սկսվում է հետևյալ տողերով.

Ես կերտեցի փառքի մի գործ, իմ աշխարհում հայրենի
Այսուհետև ամեն հետնորդ ինձ արժանի գովք կանի:
Ոչ, չեմ մեռնի, թեկուզ անցնեն դար ու դարեր անքանակ,

Զի պտղաբեր խոսքի սերմեր, ես ցանեցի երկնի տակ:

Սա Ֆիդուսու սեփական անմահության վերաբերյալ մարգարեական կանխազգումն էր:

Նման մի կանխազգում էլ ենթադրաբար ունի նաև Ալեն Սիմոնյանը, հայտարարելով, որ ինքն արդեն մտել է պատմության մեջ...քանի որ մասնակցել է թավշյա հեղափոխությանը: Սակայն  պատմությունը դեռևս պետք է փաստի, արդյոք թավշյա հեղափոխությունն ինքը մնալու է պատմության մեջ այն նշանակությամբ, որը տրվում է այսօր:

Ալեն Սիմոնյանի կողմից նման ինքնամեծարումը կասկած է հարուցում, որ իր համար ամեն ինչ, սկսված թավշյա հեղափոխությունից, վերջացրած օրհներգի փոփոխության նախաձեռնությամբ, ծառայում են միայն իր փառատենչ հույսերին:

Արման Հակոբյան