Հովհաննես Գալստյանն ու Մհեր Մազմանյանը դադարեցրել են հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

.

«Տատիկիս վարսելը» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը դադարեցրել է հացադուլը: Նրա հետ միասին հացադուլը դադարեցրել է նաև ազատամարտիկ Մհեր Մազմանյանը, ով հացադուլ էր հայտարարել՝ ի աջակցություն Գալստյանի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննես Գալստյանը՝ հայտնելով, որ համաձայնության ու պայմանավորվածության են եկել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Հովհաննես Գալստյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ ուշ երեկոյան վերջին օրերին երրորդ անգամ Մատենադարան այցելած նախարար Արայիկ Հարությունյանի հետ շուրջ մեկ ժամ քննարկեցինք Հացադուլի պահանջների ամբողջ «փաթեթը»։ Նախարարի հետ համաձայնեցրինք քայլերի հաջորդականությունը, որ ենթադրաբար պետք է հանգեցնի հարցերի կարգավորմանը՝ բանակցությունների ճանապարհով։

Այցի ավարտին ես առաջարկեցի նախարարին գրավոր փաստաթղթի վերածել մեր «ճանապարհային քարտեզը», հանդիպումների ժամանակացույցի և ձևաչափի ամրագրումով։ Նախարարն ասաց, որ բանակցությունների արդյունավետ ընթացքի համար կարևոր է, որ կողմերը հավասար պայմաններում լինեն, ես՝ ֆիզիկական և հոգեպես կայուն։ Պայմանավորվեցինք, որ գործողությունների պլանը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո ազատամարտիկ Մհեր Մազմանյանն ու ես կդադարեցնենք հացադուլը։

Այսօր՝ փետրվարի 23-ին, իմ հացադուլի 21-րդ օրը, նախարարի օգնական, բանակցությունների դրական ընթացքի համար մեծ ջանքեր գործադրած Դավիթ Դանիելյանը Մատենադարան բերեց նախարարի կողմից վավերացված պլանը։ Մհերն ու ես դադարեցրեցինք Հացադուլը։ Առաջին հանդիպումը նախարարի հետ տեղի կունենա շաբաթվա սկզբին։ Ենթադրաբար, հանդիպումները կշարունակվեն մինչև մարտի առաջին տասնօրյակի ավարտ։ Նույնքան էլ պետք է հացադուլից վերականգնվելու, ֆիլմի աշխատանքներին վերադառնալու համար։ Մարտի 12-13-ին կհրապարակենք բանակցությունների արդյունքները՝ ասուլիսով։

Անչափ ուրախ եմ տուն վերադառնալու, հարազատներիս գրկելու երջանկությունը կրկին վայելելու համար։ Կրկնակի ուրախ եմ, որ խնդրի լուծման բանալին այս պահին գտնվում է նախարար Արայիկ Հարությունյանի ձեռքում, ում անկողմնակալությունն ու խոսքը հարգելու կարողությունը կասկածի տակ չէ և ով՝ մոտ ապագայում, կստանձնի մշակույթի կառավարման լիարժեք պատասխանատվությունը։ Շնորհակալ եմ Վահան Արծրունուն հանդիպումներին նպաստելու համար։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության, հոգատարության, մարդասիրության բացառիկ պահերի համար։ Առողջություն բոլորիս ծնողներին։

Անչափ շնորհակալ եմ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր հացադուլը վերսկսելու մասին:

Կինոռեժիսորն իր հայտարարության մեջ հիշեցրել էր, որ 2015թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատման կանոնակարգի համաձայն՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը և արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:

Նոյեմբեր 13-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018թթ.-ին նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։

2016թ.-ին կինոկենտրոնն ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։

Ըստ նրա՝ հետագայում, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնն առաջարկել է մեկ ընդհանուր պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով յուրաքանչյուր տարվա համար։

«2016թ.-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ.-ին Մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է»։